26 07 2024

Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը․ Բենիամին Մաթևոսյան․ AlphaNews



Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանին անվանել էր դաշնակից և եղբայրական երկիր՝ մաղթելով, որ ՀՀ-ն քաղաքականապես «չգնա Ուկրաինայի ճանապարհով»։ Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանը, որպես ինքնիշխան երկիր, ինքն է ընտրում փոխգործակցության առաջնահերթ ոլորտները։

«Մենք հարգանքով ենք վերաբերվում նման փնտրտուքներին, պարզապես չէինք ցանկանա, որ այդ փնտրտուքը կրկներ այն, ինչը ժամանակին արեց Կիևը», — ասել է Պեսկովը։

Հայկական լրատվական դաշտն արդեն արձագանքել է Պեսկովի հայտարարությանը, և ի թիվս այլ հարցերի նշել են, որ «Հայաստանին ուղղված սպառնալիքների հարցում Ռուսաստանը առաջ է անցել նույնիսկ Ադրբեջանից»։ Զարմանալի չէր լինի, եթե ինչ-որ մեկը մոտակա ժամանակներում ասեր, որ այս հայտարարությամբ Պեսկովը հայտարարեց Հայաստանի դեմ Հատուկ ռազմական գործողության մասին… Բայց, այնուամենայնիվ, ո՞րն է «ուկրաինական ճանապարհը»։ Ինչի՞ մասին է խոսում Պեսկովը:

Հասկանալի է, որ Հայաստանում չկա ռուսների այնքան քանակ, որքան Ուկրաինայում, Հայաստանում չկան ֆաշիզմին մոտ գաղափարներ քարոզող մարգինալ քաղաքական միավորներ, Հայաստանում պատմության վերաշարադրումը չի հասել այն մասշտաբին, որը գրանցվել է Ուկրաինայում անցած տասնամյակների ընթացքում։ Գոնե առայժմ ոչ ոք չի վտարում ռուսներին ՀՀ-ից, ոչ ոք դեռևս «чемодан-вокзал-Россия» հայտարարություններ չի անում:

Ու նույնիսկ քարանձավային ռուսաֆոբների հայտարարությունները, թե «եթե 1915 թվականի իրադարձությունների մասին իրական արխիվներ բացվեն, պարզ կդառնա, որ Հայոց ցեղասպանության պատճառը Ռուսաստանն ու ռուսներն էին», մնում են մաքսիմալ մարգինալ։ Հետևաբար պատասխանը պետք է փնտրել այլ հարթությունում։
Ի՞նչ կարող են հասկանալ Պեսկովը, Մեդվեդևը, Միշուստինը, Լավրովը և Վլադիմիր Պուտինը «Հայաստանի համար ուկրաինական ճանապարհ» եզրույթի տակ:

«Ուկրաինական ճանապարհն» առաջին հերթին նշանակում է երկրի վերահսկողության փոխանցումն արտաքին ուժերին։ Տարիների ընթացքում Ուկրաինան դարձել է արտաքին կառավարում ունեցող պետություն, ինչի վկայությունն է ոչ միայն Ուկրաինայի պետական կառավարման համակարգերում մեծ թվով օտարերկրյա քաղաքացիների առկայությունը, այլև ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանատների հսկայական ազդեցությունը երկրի քաղաքականության վրա։ Ի թիվս այլնի, այս ազդեցությունը վերածվել է նրան, որ նույնիսկ «The New York Times»-ն է ընդունում, որ Միացյալ Նահանգները Ուկրաինայում ստեղծել է գաղտնի բազաների ցանց Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով:

Ընդհանուր առմամբ, դա հանգեցրել է նրան, որ պաշտոնական Կրեմլի համար պարզ չէ, թե Ուկրաինայում ում հետ է հնարավոր հստակ բանակցություններ վարել ցանկացած հարցի շուրջ (գազի տարանցումից, մինչև պատերազմի դադարեցմում)։ Դա հանգեցրեց նրան, որ ռուսական իսթեբլիշմենտի գիտակցությամբ նրանք այլ ելք չունեին, քան ռազմական գործողությունների միջոցով օտարերկրյա ազդեցությունը վերացնելը:

Իրավիճակը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, դրա ակունքները փնտրել 2014-ին կամ նույնիսկ 1917-ին, բայց ռուսական իշխող էլիտաների համար իրականության ընկալման մոդելն այս խոսակցություններից չի փոխվի։ Այլ կերպ ասած, «ուկրաինական ուղին» իրենց ընկալմամբ տանում է դեպի արտաքին վերահսկողություն։ Սա այն դեպքում, երբ ոչ տարածաշրջանային ուժեր «խրվում են» օտար տարածաշրջանների մեջ և հատկապես այն տարածաշրջաններ, որոնք Ռուսաստանը համարում է իր ռազմավարական խորության մի մասը: Եվ վերլուծելով Պեսկովի խոսքերը՝ կարևոր է, որ և՛ Հայաստանի իշխանությունները, և՛ հայկական կոնտրէլիտան այս պարզ ճշմարտությունները հասկանան։

Մտածե՛ք այդ մասին…»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ