27 01 2023

Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից․ Վաղարշակ Հարությունյան

Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից․ Վաղարշակ Հարությունյան

Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության տեղակայումից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։

«Գիտեք, որ միջպետական հարաբերություններում կարող են լինել ինչ-որ հարցեր, որոնք քննարկվում են և որոնց լուծումներ են գտնում։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ապա ՀԱՊԿ դիտորդներից ոչ ոք չի հրաժարվել։ Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և միացյալ շտաբի պետի՝ տարածաշրջան կատարած այցի արդյունքում, չստորագրվեց այն պատճառով, որ հայկական կողմը ցանկանում էր լրամշակել փաստաթուղթը։ Ահա այդ փաստաթուղթը լրամշակման փուլում է»,- նշել է նա։

Հարությունյանը նաև հերքել է որոշ հայ քաղաքագետների և ընդդիմադիր գործիչների հայտարարություններն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նախապատրաստում է ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալը։

«Նման մոտեցումները կամ կարծիքները չեն համապատասխանում իրականությանը այն առումով, որ պետությունների միջև հարաբերությունները որոշվում են այն պայմանագրերով, որոնք ստորագրվել են, և այդ պայմանագրերը, որոնք ստորագրվել են դեռևս 90-ական թվականներին, այժմ շարունակում են գործել։ Դուք շատ լավ գիտեք, որ մեր երկրների առաջնորդների միջև տասնյակ հանդիպումներ և հեռախոսազրույցներ են եղել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք անգամ լինել չի կարող, դրա համար դա չի համապատասխանում իրականությանը։ Ընդհակառակը, ունենք մեր փոխհարաբերությունների խորացում և այսպիսի անկայուն ժամանակահատվածում մեր հարաբերությունները խորանում են և խորանալու են։ Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ՀԱՊԿ անդամ է, ԱՊՀ անդամ է և տարածաշրջանային բոլոր այլ կազմակերպությունների անդամ, որտեղ ներկա է նաև Ռուսաստանը», - հավելել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ