«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է ԵԽ կողմից ընդունված բանաձևին։ Նա գրել է․ «Վստահ եմ, որ շատերդ եք տեղյակ հունվարի 19-ին Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի մասին։ Բանաձևով Եվրախորհրդարանը, նախևառաջ, դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և Ադրբեջանին մեղադրում է միջազգային իրավունքը խախտելու մեջ։ Սակայն, Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի մեջ շատ ավելի կարևոր դրույթներ կային։ Եվրախորհրդարանը կարևորում է համապարփակ խաղաղության պայմանագրի կնքումը, որտեղ պետք է անդրադարձ լինի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներին։ Եվ, ամենակարևորը՝ Եվրախորհրդարանը պահանջում է, որ արցախյան հակամարտության կարգավորումը հիմնվի ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքների վրա՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարում, ժողովուրդների իրավահավասարություն և ազատ ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն։
Դեկտեմբերի 19-ին ընդունված բանաձևից մեկ օր առաջ Եվրոպական Խորհրդարանն ընդունել է մեկ այլ բանաձև, որի կարևորությունն ավելի նշանակալի է քան Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների մասին ընդունած բանաձևն է։ Խոսքը գնում է Եվրոպայի միասնական արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացման 2022 թվականի հաշվետվության վերաբերյալ բանաձևին, որտեղ Արցախին ու Հայաստանին առնչվող դրույթներ կան։ Նախ, Եվրոպական Խորհրդարանը խստորեն դատապարտել է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ և Ադրբեջանցիների գործած հանցագործությունները ռազմական հանցագործությունները, պահանջել է դուրս գալ Հայաստանի տարածքից, ազատել հայ ռազմագերիներին և ապաշրջափակել Լաչինի (Քաշաթաղի) միջանցքը։ Սակայն, Եվրախորհրդարանը շատ ավելի առաջ է գնացել և անդրադարձել է Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորմանը։ Եվրոպացի խորհրդարանականները վերահաստատել են, որ կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքները, ինչպես նաև 2009 թվականի Լ՛Ակվիլայի հայտարարությունը, որով մինչև Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը Արցախին տրվում է միջանկյալ անցումային կարգավիճակ։ Այսպիսով, Եվրախորհրդարանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, լուծումը, ի թիվս այլոց, պետք է հիմնված լինի ժողովուրդների իրավահավասարության ու ազատ ինքնորոշման սկզբունքի վրա, առանց արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման չի կարող համապարփակ խաղաղություն հաստատվել։
Փաստենք, որ Եվրախորհրդարանի դիրքորոշումը շատ ավելի հայանպաստ է, քան Հայաստանի Հանրապետության նիկոլական իշխանությունների, ներառյալ՝ պատգամավորների դիրքորոշումը, ովքեր հրաժարվում են խոսել Արցախի կարգավիճակի ու Արցախի ժողովրդի իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի մասին։ Կամա, թե ակամա մի հարց է առաջանում․ միգուցե՞ ադրբեջանական խավիարային դիվանագիտության թիրախն այլևս եվրոպացիք չեն, այլ ՔՊ–ականները։
Հ․Գ․ Ավելացնեմ, որ Եվրախորհրդարանում Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Ադրբեջանին դատապարտող և Արցախի քաղաքական կարգավորումը պահանջող բանաձևի համահեղինակների ու ելույթ ունեցողների շարքում նաև այն պատգամավորներն են ում հետ Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի Գրասենյակը տարիներ ի վեր համագործակցում է, ովքեր Հայ Դատի գրասենյակի հրավերով պարբերաբար այցելում են Հայաստան, ում հետ ես և մեր ֆրակցիայի այլ պատգամավորներ մշտական կապի մեջ ենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը