Լրագրող Ֆին Դեպանսյեն Սան Ֆրանցիսկոյում լույս տեսնող «Պալադիում» եռամսյայում ծավալուն բացահայտում է հրապարակել՝ «Իլհամ Ալիևը և Ադրբեջանի ստեղծումը» վերնագրով։
Հոդվածը սկսվում է Իլհամ Ալիևի մոսկովյան կյանքի առաջին տարիներից, երբ նրա հայրը՝ Հեյդար Ալիևը, Խորհրդային Միության իշխող մարմնի՝ Քաղբյուրոյի անդամ էր։
Իլհամ Ալիևը 16 տարեկան հասակում «ընդունվել է Ռուսաստանի ամենահեղինակավոր համալսարանը՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը»՝ շնորհիվ հոր ԿԳԲ-ական կապերի։ Նա պատմական գիտությունների թեկնածու էր և 1985-1990 թվականներին դասավանդել է համալսարանում։ Նա վարժ տիրապետել է անգլերենին և մասնագիտացել բրիտանական պատմության մեջ:
1987 թվականին ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովը Հեյդար Ալիևին հեռացրեց Քաղբյուրոյից։ Նրա որդին՝ Իլհամը, ազատվեց համալսարանի աշխատանքից այն բանից հետո, երբ «Հեյդարը քննադատեց Գորբաչովի կառավարությանը՝ Բաքվում ադրբեջանցի բնակիչներին սպանելու համար»։ Քանի որ Իլհամի անունը սև ցուցակում էր, չկարողացավ աշխատանք գտնել։ «Նա հայտնվեց հագուստի բիզնեսում՝ գործարան գնելով Մոսկվայի ծայրամասում… Այնուհետև կարճ ժամանակով տեղափոխվեց Ստամբուլ»:
1993 թվականին Հեյդարը դարձավ Ադրբեջանի Հանրապետության նախագահ և որդուն հետ կանչեց Բաքու ու նշանակեց Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի փոխնախագահ։ Երբ Հեյդարը վեճերի մեջ էր արևմտյան նավթային ընկերությունների հետ Կասպից ծովի նավթի իրավունքների շուրջ, նա խոսեց նորընտիր նախագահ Բիլ Քլինթոնի հետ, որը ստիպեց ընկերություններին ընդունել Ալիևի պայմանները։ Իլհամը մեկնեց Հյուսթոն և պայմանագիր ստորագրեց, որով SOCAR-ը ստացավ նոր նավթային ընկերության 20 տոկոս բաժնեմասը, իսկ մնացածը բաշխվեց British Petroleum-ի, Aramco-ի, ռուսական Lukoil-ի, Pennzoil-ի և մյուսների միջև։
Հոր մահից հետո Իլհամը 2003 թվականին վիճահարույց ընտրությունների շնորհիվ դարձավ Ադրբեջանի նախագահ։ Նա մաքրեց հին գվարդիան օլիգարխներից ու պաշտոնյաներից և բանտարկեց «գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատի հարյուրավոր պաշտոնատար անձանց»։ Բանտարկյալների թվում էին «հարյուրավոր լրագրողներ, ակտիվիստներ և վերջին երկու տասնամյակների ընթացքում իշխանության այլ հակառակորդներ: 2015 թվականի դրությամբ Ադրբեջանը երկու անգամ ավելի շատ քաղբանտարկյալ ուներ, քան Բելառուսն ու Ռուսաստանը միասին վերցրած»։ Այնուամենայնիվ, «Ալիևն ակնկալում էր, որ կոռուպցիայի մեծ մասը կհոսի իր և իր ընտանիքի միջոցով»։
1983 թվականին «Իլհամն ամուսնացավ Մեհրիբան Փաշաևայի հետ, որի պապը ադրբեջանցի հայտնի գրող էր, որն արդեն հսկայական հարստություն էր կուտակել։ Նա ընդլայնեց առանց այն էլ Փաշաևի մեծ կարողությունը՝ ընտանիքի անդամներին պաշտոններ տալով կառավարությունում, որոնք նրանք շահագործել են անձնական շահերի համար»։ Ահա մի քանի օրինակ. «Նարգիզ Փաշաևան՝ Ալիևի կնոջ քույրը, Մոսկվայի պետական համալսարանի Բաքվի մասնաճյուղի ռեկտորն է։ Նրա աները՝ Արիֆ Փաշաևը, ղեկավարում է ազգային ավիացիոն ակադեմիան, Արիֆի եղբայրը՝ Հաֆիզ Փաշաևը, Արտաքին գործերի փոխնախարարն է և ավելի քան 13 տարի եղել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը, և այսպես շարունակ։ Փաշաևներն այժմ Ադրբեջանի ամենահարուստ ընտանիքն են: Նրանց ընկերության՝ PASHA Holdings-ին պատկանում են Ադրբեջանի տասը խոշորագույն բանկերից յոթը, զբոսաշրջության և ապահովագրության ընկերությունների շահաբաժինների հետ մեկտեղ»։ 2017 թվականին նախագահ Ալիևն իր կնոջը նշանակեց Ադրբեջանի փոխնախագահ՝ որպես իր իրավահաջորդը։
Ալիևին հաջողվել է լռեցնել իր օտարերկրյա քննադատներին «ահաբեկելու և կաշառքի միջոցով»: Ադրբեջանում գործում է հաստատությունների ցանց, որի նպատակն է գումարներ բաշխել Արևմուտքում և ապահովել լրատվամիջոցների դրական լուսաբանում, դաշնակիցներ բիզնես աշխարհում և պաշտպաններ քաղաքականության մեջ: Ցանցն ամենաակտիվն է եղել Եվրոպայում. 2012 թվականին Եվրոպական կայուն զարգացման նախաձեռնությունը օգտագործել է «խավիարային դիվանագիտություն» եզրույթը՝ նկարագրելու Ադրբեջանի սովորությունը՝ կաշառելու Եվրոպական Միության քաղաքական գործիչներին: Ադրբեջանում պետական բիզնեսով զբաղվելը հարմարավետ է։ Վարչակարգը շռայլորեն ծախսում է հյուրանոցային համարների և իր հյուրերի ճաշերի վրա: Մտերիմ լրագր-ողներին առաջարկվում է մուտք գործել Լեռնային Ղարաբաղ և այլ ընտրված վայրեր: 2017 թվականին Ալիևը որոշել է անվճար բնակարաններ հատկացնել 255 ադրբեջանցի հավատարիմ լրագրողների՝ վարչակարգին ծառայության համար»։
2017 թվականին Համաշխարհային հակակոռուպցիոն միավորումը «բացահայտեց մի դավադիր ծրագիր, որով Ադրբեջանի կառավարությունը 2.9 միլիարդ դոլար է լվացել Մեծ Բրիտանիայի չորս կեղծ ընկերությունների միջոցով… Համաձայն «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի»՝ մյուս ստացողների թվում էին «առնվազն երեք եվրոպացի քաղաքական գործիչներ, մի լրագրող, որը գրում էր վարչակարգի համար բարեհաճ պատմություններ, և գործարարներ, որոնք գովաբանում էին կառավարությանը… Որոշ դեպքերում այս նշանավոր անձինք կարողացան զորաշարժել կարևոր միջազգային կազմակերպություններին, ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որպեսզի [հանրային կապերի] հաղթանակներ ապահովեն վարչակարգի համար»: Եվրոպական կայունության նախաձեռնությունը ծրագիրը որակեց որպես «Եվրախորհրդի պատմության մեջ ամենամեծ կոռուպցիոն սկանդալը»:
Լրագրող Դեպանսյեն հաղորդել է, որ British Petroleum-ը «պայմանագիր է շահել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի շահագործման համար: Բրիտանական հանքարդյունաբերական հսկան՝ Anglo American PLC-ը, մեծ ներդրումներ ունի Ադրբեջանում և ահռելի օգուտներ է քաղել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակից, քանի որ հայերից խլվել են հանքարդյունաբերական վայրեր… 2021 թվականին պարզվեց, որ Ալիևն ու իր ընտանիքն անշարժ գույքի գաղտնի հավաքածու են ունեցել Լոնդոնում՝ ապշեցուցիչ 694 միլիոն դոլար արժողությամբ»։ Բրիտանացի քաղաքական գործիչները ևս ներգրավված են եղել։ «Բրիտանացի պատգամավոր Բոբ Բլեքմանը 2011 թվականից ի վեր տասնյակ հազարավոր ֆունտ արժողությամբ յոթ անվճար ուղևորություն է կատարել Ադրբեջան»։
Ադրբեջանը նաև սերտ հարաբերություններ է զարգացրել Իսրայելի հետ։ «2012 թվականի Wikileaks-ի զեկույցը ցույց տվեց, որ Իսրայելը գաղտնի բազաներ ունի Ադրբեջանի հարավում՝ Իրանի սահմանի մոտ: Իսրայելի և Ադրբեջանի միջև կապերի ամրապնդումը խրախուսվում էր ԱՄՆ-ի կողմից»։ Ամերիկացի պաշտոնյաները ենթադրում էին, որ «ԱՄՆ-ի կողմից աջակցվող Իսրայել-Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքը հակակշիռ կլինի Սիրիա-Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքին: Իսրայելը Ադրբեջանին մատակարարում է նրա ներմուծվող սպառազինության 69 տոկոսը, իսկ Ադրբեջանը Իսրայելին մատակարարում է նրա էներգետիկ կարիքների 40 տոկոսը»:
Դեպանսյեն եզրակացրել է. «Ալիևը կառավարում է դե-ֆակտո միապետի պես, որն ունի անառարկելի իշխանություն: Նա «չի վախենում, որ իրեն կանվանեն կոռումպացված, բռնակալ կամ չարակամ»։
Չնայած Հայաստանի հետ ռազմական դաշինքին, Ռուսաստանը չպաշտպանեց Հայաստանին Ադրբեջանի կրկնվող հարձակումներից։ Միևնույն ժամանակ, Արևմուտքը, գայթակղված Ադրբեջանի նավթ ու գազով, խուլ մնաց Հայաստանի դժբախտ վիճակին։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը