7or.am-ը գրում է․ Նախորդ տարվա հոկտեմբերի 6–ին տեղի ունեցան Փաշինյան–Ալիև հանդիպումն ու համաձայնությունը Պրահայում։ Միջնորդներն էին Մակրոնը և Միշելը։
Այդ համաձայնությանը նախորդել էին սեպտեմբերի 13–14–ին ադրբեջանական հարձակումը, 250–ի հասնող զոհերը, ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասի օկուպացիան, մոտ 50 դիրքերի գրավումն ադրբեջանցիների կողմից։
Պրահային նախորդել էր նաև սեպտեմբերի 14–ին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ինքը պատրաստ է թուղթ ստորագրել, որի համար իրեն կարող են դավաճան համարել ու նույնիսկ իշխանությունից հեռացնել, բայց ինքը գնալու է այդ քայլին։
Նիկոլի դավաճանությունը
Նիկոլը գնաց այդ քայլին, ինչի մասին հայտարարում էր խորհրդարանի ամբիոնից։ Պրահայում նա համաձայնեց Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։
Զուտ ձևականորեն Ադրբեջանը Պրահայում ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, բայց իր զորքերը դուրս չի բերել ՀՀ տարածքից։ Ավելին՝ պրահյան համաձայնություններից հետո Ալիևը փակել է Լաչինի միջանցքը և ակտիվորեն շրջանառության մեջ դրել «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը, որի թիրախում ամբողջ Հայաստանն է։
Նիկոլը շատ լավ գիտի, որ հանձնել է Արցախը։ ՀՀ քաղաքացիներին նա «հիմնավորում» է, որ դա արել է հանուն Հայաստանի, բայց նաև ասում է, որ իր զիջողականությունը խաղաղության ու ՀՀ–ի գոյության երաշխիք չի տալիս։ Այսինքն՝ Նիկոլը զիջել է և պատրաստվում է զիջել՝ դիմացը օղաբլիթի անցք տալով ՀՀ քաղաքացիներին։
Նիկոլն այդ ամենը գիտակցաբար է անում, քանզի իր դրսի տերերը նրա առաջ այդպիսի պահանջ են դրել՝ դիմացը խոստանալով անձնական անվտանգություն և փախուստ որևէ արևմտյան երկիր։ Նիկոլը հայկական Տիխանովսկայա դառնալու պատրաստակամություն է հայտնել։
Պրահյան համաձայնագրի դրսի կողմը
Պրահայում առաջին հայացքից միայն Հայաստանին, Ադրբեջանին ու անուղղակիորեն նաև Արցախին վերաբերող համաձայնություն է կայացվել։ Իրականում՝ շատ ավելի լայն կոնտեքստ ունի այդ համաձայնությունը։
Պրահայում Փաշինյանը մտել է հակառուսական ու հակաիրանական բլոկի մեջ։ Նրա առաջ խնդիր է դրվել չեզոքացնել ռուսական գործոնը, Հայաստանը դարձնել թուրանական ոտատեղ, հակաիրանական կոալիցիայի մաս կազմել։
Արցախն Ադրբեջանի մաս համարելով՝ Նիկոլն առաջին քայլն արել է ռուս խաղաղապահներին Արցախից հեռացնելու համար։ Լաչինի միջանցքի փակումը հենց դրան է միտված։ Ալիևը եկել է «իր» Ղարաբաղի հետևից ու փակել միջանցքը։
Պրահայում «ջրվել» է ռուս խաղաղապահներին ու Լաչինի միջանցքին վերաբերող 2020–ի նոյեմբերի 9–ի համաձայնագրի 6–րդ կետը։ Նիկոլը դա լավ գիտի, բայց իրեն ռետինե խողովակի տեղ դրած ասում է՝ թող ռուսները բացեն միջանցքը, դա իրենց ֆունկցիան է։
Լաչինի միջանցքում ռուսների հարցերը լուծելուց հետո արևմտաթուրքական ուժերը Նիկոլի ձեռքերով պլանավորել են անցնել հաջորդ քայլին՝ վարկաբեկել Գյումրիում ռուսական ռազմական ներկայությունն ու հասնել բազայի վերացմանը։ «Ծռիստներին» ու թուրքական 5–րդ շարասյան մյուս ներկայացուցիչներին հենց այդ նպատակով են փողոց հանել։
Եթե դրսի ուժերը Հայաստանում հասնեն ռուսական գործոնի զրոյացմանը, ապա դրանից հետո Իրանի դեմ թուրք–ադրբեջանա–իսրայելական եռյակով պայքարելն ավելի հեշտ կլինի։ Նույնը վերաբերում է Ռուսաստանին։ Դրա արանքում Հայաստանն ու Արցախը կվերանան, բայց դա Նիկոլի դրսի տերերին քիչ է հետաքրքրում։ Նրանք կարտասվեն, ցավակցություններ կհայտնեն հայ ժողովրդին, բայց իրենց շահը կպաշտպանեն։ Շահ, որի հիմքում Ռուսաստանի ու Իրանի դեմ պայքարն է։ Այդ հարցում Ադրբեջանն իրենց համար կարևոր գործիք է։ Դա է պատճառը, որ Արևմուտքը ձևականորեն կոչ է անում Ադրբեջանին բացել Արցախը Հայաստանին կապող միջանցքը, բայց որևէ կոնկրետ քայլ չի անում այդ ուղղությամբ, անգամ պատժամիջոց չի կիրառում։
Ահա այս ամենի շուրջ են համաձայնության եկել Փաշինյանն ու Ալիևը Պրահայում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը