16 01 2023

ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին

ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով: Այս մասին հայտնում եմ Միջազգային որավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից։

Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Ադրբեջանը դիմել էր Եվրոպական դատարան՝ պահանջելով վերացնել միջանկյալ միջոց կիրառելու որոշումը: Միաժամանակ Ադրբեջանը պահանջել էր միջանկյալ միջոցներ կիրառել Հայաստանի դեմ, այն է՝ «ձեռնարկել իր իրավասությունից բխող բոլոր միջոցները ուղղված Ռուս խաղապահների ժամանակավոր տեղակայման վայրում գտնվող Ադրբեջանի տարածքում բժշկական անհետաձգելի օգնության կարիք ունեցող մարդկանց համարժեք բուժմանը եւ խուսափել այս ուղղությամբ որեւէ խոչընդոտ ստեղծելուց»:

Ի պատասխան Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը 2022 թվականի դեկտեմբերին եւ 2023 թվականի հունվարին Եվրոպական դատարան է ուղարկել պարբերաբար թարմեցվող տեղեկություն Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր վիճակի մասին: Միաժամանակ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Եվրոպական դատարանից պահանջել էր անհապաղ ծանուցում ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը չկատարելու վերաբերյալ:

Եվրոպական դատարանը, հաշվի առնելով կողմերի ներկայացրած փաստարկները, այսօր մերժել է Ադրբեջանի պահանջներն ամբողջությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը թողելով ուժի մեջ: Եվրոպական դատարանը մերժել է նաեւ Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ադրբեջանի պահանջը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ