12 01 2023

Հայտարարությունները, թե ռուսական ներկայությունը Հայաստանում կարող է վտանգ ներկայացնել, աբսուրդ է․ Զախարովա

Հայտարարությունները, թե ռուսական ներկայությունը Հայաստանում կարող է վտանգ ներկայացնել, աբսուրդ է․ Զախարովա

Մոսկվայում անհեթեթ են համարում Երեւանից հնչող այն հայտարարությունները, թե ռուսական ներկայությունը Հայաստանում կարող է վտանգ ներկայացնել Երեւանի համար։ Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости – ն։

Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման աշխատանքները, պետք է գտնել բոլոր կողմերի համար ընդունելի լուծում։ Նրա խոսքով ՝ Ռուսաստանը մտադիր է զբաղվել ոչ թե պոպուլիզմով, այլ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման առարկայական աշխատանքով։

«Այս պահին միջանցքով անցնում են մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյուններ։ Կցանկանայի ևս մեկ անգամ նշել, որ անընդունելի ենք համարում հրապարակային հարձակումներ և սադրանքներ մեր խաղաղապահների դեմ, դրանք այս տարածաշրջանում խաղաղության երաշխավորներն են։ Նման գործողությունները կարող են էական վնաս հասցնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին», - ասել Է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

«Մենք տրամադրված ենք այսուհետ ևս ամեն կերպ ամրապնդել ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ փոխգործակցությունը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում։ Այս ֆոնին Երեւանից հնչող հայտարարություններն այն մասին, թե իբր «ռուսական ներկայությունն ինչ - որ վտանգներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար», աբսուրդ է։ Տասնամյակներ շարունակ մեր զինվորականները, սահմանապահները նշանակալի ներդրում են կատարում Հայաստանի անվտանգության ապահովման գործում, պահպանում նրա սահմանները։ Սա օբյեկտիվ իրականություն է, որը հնարավոր չէ հերքել։

Ընդ որում, ավելի վաղ ներկայիս հայկական ղեկավարությունը հրապարակավ հայտարարել էր, որ Ռուսաստանի ներկայությունը համապատասխանում է Հանրապետության ազգային շահերին։ Իսկ ահա արկածախնդիրները, որոնք կոչ են անում մեր զինծառայողներին ցույց տալ դռան տեղը, ակնհայտորեն չեն պատկերացնում նման քայլի իրական հետեւանքները», - եզրափակել Է Զախարովան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ