NEWS.am-ը գրում է. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը։
«Սա արդարադատության ոլորտից դուրս վճիռ է, այն ավելի շատ ծառայությունների մատուցման ոլորտին է վերաբերում։ Կարծում եմ՝ շուտով կտեսնենք, թե այդ ծառայության դիմաց ինչ առավելություններ կտրամադրվեն դատավորին։ Մենք նրան բացարկ էինք հայտնել, քանի որ առաջին իսկ օրվանից նրա կաշկանդվածությունը, առանձնահատուկ լավ տրամադրվածությունը հօգուտ պատասխանող կողմի՝ ակնհայտ էր»,– ասաց Հայկ Ալումյանը։
Փաստաբանն ասաց, որ դատարանի վճիռը բողոքարկելու որոշում դեռ չունեն։
Հիշեցնենք՝ քաղհայցը վերաբերում է 2021 թվականի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին, որոնք վերաբերում էին 2008 թվականի մարտի 1–ի դեպքերին։ Այդ հայտարարությունից մեկ ամիս անց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց էր ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը