Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին։
«Ինչպես և ենթադրվում էր, Ալիևն իր ասուլիսում արել է հետևյալ հայտարարությունները.
Ասում է ՝ «...«Զանգեզուրի» միջանցքը բացվելու է՝ անկախ նրանից՝ Հայաստանը դա ուզո՞ւմ է թե՞ ոչ»: Այստեղ նրան պետք է ասել, որ Հայաստանում ոչ բոլորն են Նիկոլ, որ հետները խոսես կամայականորեն` քեզ հարմար եղանակով: Ադրբեջանը դեռ պետք է մտածի Հայաստանի տարածքների, ինչպես նաև Շուշիի և Հադրութի օկուպացիայի հետևանքների մասին: Նիկոլը, նավթն ու գազը հավերժ չեն:
Ասում է, որ «...շարունակում են զարգացնել Հայաստանի դեմ տարած «հաղթանակը» նաև քաղաքական հարթակում, որպեսզի այն ամրագրվի միջազգայնորեն ու փոխել հնարավոր չլինի»: Փաստացի վախենում են, որ ստեղծված աշխարհաքաղաքական (Ուկրաինա) և Հայաստանի ներքաղաքական (Նիկոլ) իրադարձությունները կփոխվեն ու իրենք կկորցնեն Հայաստանին լրիվ ծնկի բերելու իրենց պատմական շանսը: Ադրբեջանում վստահ են, որ Հայաստանը հնարավորություն ունի արագ վերականգնվելու և իրավիճակը փոխելու հարցում: Դրա համար Նիկոլին միշտ պաշտպանել են, իսկ Հայաստանի ընդդիմությանը քննադատել` համարելով «ռևանշիստ»:
Ասում է՝ «...ժամանակն է մտածել «Արևմտյան Ադրբեջան» (նկատի ունի Հայաստանը) ադրբեջանցիների վերադարձի և իրենց տներում բնակվելու մասին»: Սա հաջորդ քայլն է, որը փորձելու են անել: Թող գան, եթե նման ցանկություններ ունեն և եթե կարող են: Հետևանքների մասին չեմ գրում, որպեսզի ՀՀ նիկոլահպատակ ուժային կառույցներն ինձ չմեղադրեն թշնամու դեմ «թշնամանք» քարոզելու համար»,- սոցցանցի իր էջում գրել է Արտակ Զաքարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը