Սփյուռքի տարբեր կառույցների նախաձեռնությամբ Բելգիայում հայերը բողոքի ակցիա անցկացրին Բրյուսելում՝ Եվրամիությունից, միջազգային հանրությունից պահանջելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բացելու Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը:
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն իր ելույթում կարծիք հայտնեց, որ Եվրոպան, միջազգային հանրությունը շարունակում են երկու «կշիռ» ունենալ: Միջազգային մամուլը, բոլորը շատ լավ, պատկերավոր ձևով ներկայացրել են իրականությունը, սակայն ակնկալիքը գործնական քայլերն են:
«Եվրոպական միությունից պահանջում ենք, որ գործնական քայլեր արվեն»,-ասաց Կարապետյանը՝ միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով, որ արվում են դատապարտող հայտարարություններ, պահանջում են Ադրբեջանից բացել Արցախն աշխարհին կապող ճանապարհը:
Նա Եվրոպական խորհրդարանին շնորհակալություն հայտնեց, որ վերջին տարիներին բուռն կերպով դատապարտում է Ադրբեջանին ՝ պահանջելով հայերի իրավունքների վերականգնում:
«Մենք՝ Արցախի հայերը, Հայաստանի հայերը, սփյուռքի հայերը, պետք է միասնական լինենք, որքան էլ ոմանք ուզեն խրամատներ ստեղծել մեր միջև: Մենք միասնականությամբ պետք է պայքարենք ու փաստենք, որ այստեղ ենք: Մենք պահանջատեր ենք»,-ընդգծեց Կարապետյանը:
Ակցիայի մասնակիցները Բրյուսելում ծածանեցին Հայաստանի, Արցախի դրոշները, պաստառներ՝ «Դադարեցրեք ադրբեջանական ագրեսիան» և այլ գրություններով:
Հայերը Եվրոպական միությունից և միջազգային հանրությունից պահանջեցին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անհապաղ բացելու Լաչինի միջանցքը, Արցախի հայ բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված կոնկրետ միջոցներ ձեռնարկել, ճանաչել Արցախի Հանրապետությունը, հիմնել հումանիտար գործակալություն Արցախում: Նրանք նաև պահանջեցին անհատական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքի նկատմամբ, անհապաղ երկարաձգել ԵՄ դիտորդական առաքելության մանդատը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը