15 12 2022

Anglo asian mining-ը ադրբեջանական իշխանությունների հետ սերտաճած և փոխկապակցված ադրբեջանական ընկերություն է. Գոհար Մելոյան

Anglo asian mining-ը ադրբեջանական իշխանությունների հետ սերտաճած և փոխկապակցված ադրբեջանական ընկերություն է. Գոհար Մելոյան

Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրերս շրջանառվում է, որ վերջին տարիներին Արցախի Հանրապետության պետական բյուջեի եկամտի ամենամեծ աղբյուր հանդիսացող Կաշենի հանքավայրը Ադրբեջանի նախագահի կողմից տրամադրվել է Anglo asian mining PLC անունով ոմն անգլիական ընկերության։

Ընդ որում, նշված ընկերությունն ինչպես ադրբեջանական մամուլում, այնպես էլ՝ Հայաստանի հանրային-քաղաքական գործիչների ու ֆեսյբուքի հայկական սեգմենտում ներկայացվում է որպես անգլիական ընկերություն։

Սակայն Anglo asian mining Public limited company-ի վերաբերյալ անգամ բաց աղբյուրներից առկա տեղեկատվության ուսումնանսիրությունից երևում է, որ նշված ընկերությունն անգլիական ընկերություն է միայն ձևական տեսանկյունից, իսկ բովանդակային առումով ադրբեջանական իշխանությունների հետ սերտաճած և փոխկապակցված ադրբեջանական ընկերություն է։

Նախ, «անգլիական ընկերությունը» գործունեություն է ծավալում բացառապես Ադրբեջանում։ Նրան են պատկանում Ադրբեջանի բոլոր հիմնական հանքերը շահագործելու և ուսումնասիրելու իրավունքները։ Որևէ այլ երկրում այս ընկերությունը որևէ այլ գործունեություն չի ծավալում։

Անգլիական իրավունքում Public limited company է հանդիսանում այն ընկերությունը, որի բաժնետոմսերը ցուցակված են կամ կարող են ցուցակվել բորսայում։

Սակայն ինչպես այդ ընկերության պաշտոնական կայքում, այնպես էլ՝ հանրամատչելի աղբյուրներում նշվում է, որ ցուցակված է նշված ընկերության մոտ 55-56 % բաժնետոմսերը։

Ամենախոշոր բաժնետերը (28.7 %) ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Մոհամեդ Ռեզա Զավիրին է, ով համատեղությամբ ԱՄՆ- Ադրբեջան առևտային պալատի նախագահն է։

Հաջորդ խոշոր բաժնետերը (9.3 %) ԱՄՆ Նյու-Հեմփշիր նահանգի նախկին նահանգապետ և ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի աշխատակազմի ղեկավար Ջոն Սունուն է, ով ԱՄՆ-Ադրբեջան առևտային պալատի Պատվոր խորհրդի անդամ։

Ընկերության չցուցակված 43.311% բաժնետոմսերի իրական սեփականատերերի մասին որևէ տեղեկատվություն հրապարակված չէ։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանի նախագահը և կառավարությունն առանց որևէ մրցույթի նշված հանքի շարագործման իրավունքը տրամադրում են նշված ընկերությանը դժվար չէ կռահել, թե ով է հանդիսանում նշված 43.311% բաժնետոմսերի իրական սեփականատերը։

Եթե նշված փաստական հանգամանքների նկատմամբ կիրառվի անգլոսաքսոնական իրավական համակարգում հայտնի piercing corporate veil տեսությունը, ապա պարզ է դառնում, որ այդ ընկերության իր բնույթով ոչ թե անգլիական, այլ ադրբեջնական ընկերություն է։

Հետևաբար, նշված ընկերության մասին խոսելիս տեղին է ոչ թե «անգլիական ընկերություն» բառակապակցությունը, այլ՝ «Ադրբեջանական իշխանությունների հետ փոխկապակացված ադրբեջանական ընկերություն» նախադասությունը։

Վերոգրյալի տողատակերն էլ ենթակա են լրացուցիչ մեկնաբանման»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ