Հայաստանի ժուռնալիստների միությունը «Հրապարակ» օրաթերթի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ․
«Դեկտեմբերի 9-ին տեղեկացանք, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի օգտին կայացված վճիռը՝ գործն ուղարկելով ընդհանուր իրավասության դատարան ամբողջ ծավալով նոր քննության:
Վերաքննիչ բողոքը ներկայացրել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, որի դեմ օրաթերթը հայց էր բերել:
Հիշեցնենք, որ հայալեզու վրացական դոմեյնով կայքը՝ factcheck.ge-ն, համագործակցելով հայկական media.am կայքի հետ, սկսել էր պայքարել, իրենց հավաստիացմամբ՝ ապատեղեկատվության, բայց իրականում՝ ընտրողաբար թիրախավորված որոշ լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերի դեմ՝ իբրև թե կեղծ լուրեր, մանիպուլյատիվ հոդվածներ հրապարակելու համար:
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը», որի շրջանակներում էլ գործում է նշյալ media.am կայքը, մամուլի նկատմամբ դատավորի դեր էր ստանձնել, այն էլ՝ անչափ կասկածելի՝ լրագրողական հանրությանն անհայտ չափանիշներով ու սկզբունքներով։
Եվ չնայած այդ կազմակերպությունը ստեղծման օրվանից որդեգրել է մարդու հիմնարար իրավունքի՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու ազատության իրացմանը խթանելու, հասարակության համար բազմազան, բազմակարծիք և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, ազատ, պատասխանատու և պրոֆեսիոնալ մեդիայի գործունեությանը և զարգացմանն աջակցելու քաղաքականությունը, նրանց հիմնադրած լրատվական-վերլուծական media.am կայքէջը գործիք դարձրած՝ սուբյեկտիվ ընտրությամբ, անորոշ պայմաններով, առանց չափանիշների հստակեցման, լրատվամիջոցների համար հիմքերի ներկայացման, առանց մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրության, փորձագետների հետ քննարկման, իրենց կարծիքով՝ կեղծ լուրեր և մանիպուլյատիվ հոդվածներ հայտնաբերելով՝ դրանց հետ կապված՝ միջնորդավորված տեղեկատվություն են փոխանցում Ֆեյսբուք սոցիալական ցանցին, որն էլ արգելափակել էր հայաստանյան բազմաթիվ կայքերի ֆեյսբուքյան էջերը, դադարեցրել գովազդը, սահմանափակել հրապարակումների հասանելիությունը, տեսանելիությունը։ Առ այսօր որոշ լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերը շարունակում են գործել խստագույն սահմնափակումների ներքո, ինչը նշանակում է, որ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործունեությունը առանձնապես ծանր հետևանքներ է առաջացրել լրատվամիջոցների համար:
Այս գործունեությունը համահունչ էր իշխանությունների՝ ընդդիմադիր լրատվամիջոցների հասանելիությունը սահմանափակելու, ազատ խոսքը ճնշելու գործելակերպին, ինչն անում էին տարատեսակ բողոքների, ֆեյքային խմբերի հարձակումների, հարցազրույցների միջոցով, տարատեսակ օրենքների ընդունմամբ, որոնց նպատակը նշված ԶԼՄ-ներին հնարավորինս շատ ու մեծ ֆինանսական կորուստներ պատճառելն էր:
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» հենց այս գործունեության իրավաչափությունն էր դատարանում վիճարկում «Հրապարակը», և ըստ էության Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր օրաթերթի բողոքը:
Մինչ վճիռը կհասներ Վերաքննիչ դատարանի քննության փուլ, մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ, որով ակնհայտ ճնշում գործադրվեց դատարանի վրա:
Հայաստանի ժուռնալիստների միությունը նպատակ չունի դատաքննության փուլում գտնվող գործընթացի առնչությամբ դիրքորոշում հայտնել, սակայն առնվազն տարակուսելի է այն, որ նույն դատաքննության փուլում գտնվող վարույթի առնչությամբ մի շարք կազմակերպությունների կողմից հայտարարություն է տարածվում, որով ակնկալվում է վճռի վերանայում, և դրան հետևում է արդեն իսկ վերանայված դատական ակտի հրապարակումը:
«Մեր մտահոգությունն ենք հայտնում «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի դեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի հայցով Երևանի առաջին ատյանի դատարանի՝ 2022թ․ հուլիսի 6-ի վճռի կապակցությամբ, ակնկալում ենք, որ վերոհիշյալ վճիռը կվերանայվի և կհամապատասխանեցվի խոսքի ազատության, որակյալ լրագրության և հավաստի տեղեկություն ստանալու հանրության իրավունքի շահերին, ինչպես նաև այս ոլորտին վերաբերող միջազգային նորմերին և ձևավորված պրակտիկային»,- մասնավորապես ասված էր վերոնշյալ հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ:
Հայաստանի ժուռնալիստների միությունն իր խիստ մտահոգությունն է հայտնում այս վճռի շուրջ տեղի ունեցող հրապարակային ու ոչ հրապարակային գործընթացների առնչությամբ և միջազգային, այդ թվում՝ իրավապաշտպան և մեդիա կառույցներին հորդորում հրապարակային դիրքորոշում հայտնել տեղի ունեցող գործընթացների կապակցությամբ, որոնք լրջագույնս վտանգում են Հայաստանում ազատ խոսքը, տեղեկացված լինելու իրավունքը, լրատվամիջոցների գործունեությունը, ինչպես նաև դատական իշխանության անկախությունը:
Միությունը կհետևի այս գործի քննությանը՝ հուսալով, որ դատարանը տեղի չի տա որևէ բնույթի ճնշման»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը