Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․
«...Եվ չնայած ես հանձնում եմ Արցախը, բայց դուք, ամեն դեպքում, եկեք և տեր կանգնեք Խծաբերդին ու Փառուխին...»
Երեկ և' անձնական խոսակցությունների ժամանակ լսեցի, և' համացանցում տեսա տեսակետներ, ըստ որոնց` նիկոլ կոչվածի ելույթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում լավն էր, տեղին էր և այլն։
Ես հասկանում եմ` մարդիկ հոգնել են անվերջ նվաստացումներից, անվերջանալի դավաճանություններից, հողհանձնումից, թշնամու ծաղրանքներից ու վիրավորանքներից, սպանդի ենթարկվելուց ու պատասխան չտալուց. կարճ ասած` մարդիկ, հայ մարդիկ կարիք ունեն ազգային արժանապատվության վերականգնման, հպարտության, օտարի առջև կզած չկանգնելու և այսպես շարունակ։
Արդ` մի փոքր կայծ, և մարդիկ պոռթկացին` չհասկանալով եղածը կամ չխորանալով իրերի մեջ։ Որոշներն առաջնորդվեցին՝ լավին լավ, վատին վատ սկզբունքով, որոշներն էլ, հիմնականում՝ մեդիափորձագետները, դա բացատրեցին «նեյտրալ» հանրության մոտ օբյեկտիվ երևալու և վերջիններիս իրենց կողմը թեքելու նպատակի հետապնդումով:
Արդյունքում, քանի որ հասարակությունը հայտնի ընտանի թռչունի հիշողություն ունի, կապիտուլյանտը մի պահ դարձավ պետականասեր, արժանապատիվ ու տղամարդ տղա։
Իրականում՝ Արցախի դեմ գործող, թյուրքական շահերը սպասարկող խունտայի պարագլխի ցանկացած քայլ ու գործողություն, ցանկացած միտք, ելույթ կամ հայտարարություն պետք է դիտարկել շարունակական դավաճանության, աթոռը պահելուն ուղղված գավառական մանր խարդավանքների ու կապիկությունների տրամաբանության մեջ:
Այդ առիթով մի քանի հիշեցում:
Այն, որ պետք է ՀԱՊԿ-ին սաստել, ՀԱՊԿ-ից պահանջել և այլն, դա քննարկելի չէ: Բայց կողքի, օտարի աչքերով նայե՞լ ենք, թե ով է դրա պահանջատերը: Եթե կարծում եք՝ Պուտինն ու Լուկաշենկոն, ՀԱՊԿ երկրներն ու կառույցի ներկայացուցիչները հիմար են ու չեն հասկանում նիկոլական վերոնշյալ մանր ու մեծ կապկումները, չգիտեն, որ իրենց դիմաց նստած է արևմտաթուրքական «բունկերներում» մշակված, սեփական երկրին ու ժողովրդին դավաճանած ու չափազանց անվստահելի մեկը, ապա սխալվում եք:
Հետևաբար՝ ազգակործան պատուհասի ելույթը խորքի մեջ ոչ այլ ինչ էր, կան որևէ արժեք չներկայացնող սովորական կապկում, ներկաների համար որևէ արժեք չներկայացնող շարադրանք, որի բովանդակության հետ որևէ մեկը դժվար թե պատրաստվի հաշվի նստել:
Հ.Գ. Քննարկեցինք ելույթի «դրական» ընկալված կողմերը. մյուս խայտառակ մասերին՝ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչմանը, Ալմա-Աթայի «կետի» հիշատակմանը և այլնին չենք էլ անդրադառնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը