«Ընդդիմությունը միշտ ԱԺ-ում է եղել, «Հայաստան» խմբակցությունն այս շրջանում ԱԺ-ում աշխատել է, բայց` իր օրակարգով»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Ըստ Սեյրան Օհանյանի իշխանություններն ԱԺ-ում քննարկումներ են իրականացնում՝ կտրված իրական իրավիճակից, որովհետև ընդդիմության բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք վերաբերում են Արցախին, անվտանգությանը, պաշտպանությանը նրանց կողմից մերժվել է։
«2018-ից սկսած մեզ մոտ շատ վտանգավոր վիճակ էր, ինչը հանգեցրեց պատերազմի, իսկ հիմա էլ այդ անհաջողությունների շարանը շարունակվում է․․․ Եթե 2020թ․-ի նոյենբերի 9-ի փաստաթուղթը մեր հանրությունն անվանում է կապիտուլյացիոն փաստաթուղթ Արցախի համար, ապա այդ կապիտուլյացիոն գործընթացները շարունակվում են Հայաստանում, որովհետև ՀՀ իշխանությունների կողմից կուրորեն կամ միտումնավոր թուրք-ադրբեջանական տանդեմի կեղծ օրակարգի մեջ մտնելն ավելի է սրում վիճակը, ինչն էլ պատճառ դարձավ որպեսզի ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունն իր գործունեությունը շարունակի նաև փողոցում»,-ասաց Սեյրան Օհանյանը։
«Մենք փողոցում շատ կարևոր գործ արեցիքն․ գեներացրեցինք մեր համակիրների և մեր ժողովրդի պայքարի ոգին, միջ․ հանրությանը ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդն ի վիճակի է պայքարելու Հայաստանի ինքնության համար, և երրորդը՝ եթե ինչ-որ վտանգավոր փաստաթղթեր պետք է ստորագրվեին մենք կանխեցինք։ Հիմա փողոցային գործընթացներն ավարտվել են , և մեր համակիրները մանդատ են տվել, որպեսզի մենք շարունակենք մեր գործունեոթյունը նաև ԱԺ-ում։ ԱԺ-ում շարունակելու ենք աշխատել այն օրակարգով , որը մեզ անհրաժեշտ է»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ հատկանշելով․
«Մեր համակիրները մեզնից պահանջում են մեր օրակարգում առկա խնդիրը լուծել՝ փոխելով այս իշխանությանը։ Մենք գտնում ենք, որ ՀՀ-ն պետք է ձերբազատվի պարտված իշխանությունից։ Բացի այդ, մենք պետք է կանխենք այն անհաջողությունների շարանը, որ առկա է մեր երկրում»,- նկատեց Օհանյանը։
Ըստ նրա՝ խաղաղությունը ներկայացվում է որպես անվտանգության երաշխիք, բայց խաղաղությունը չի կարող լինել անվտանգության երաշխիք։
«Խաղաղությունն անվտանգության հիմնարար արժեք է, այսինքն՝ ազգային և միջազգային երաշխիքների համադրմամբ ձևավորված արդյունք»,- նկատեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը