Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունները դեռ շարունակում են կրքեր բորբոքել: ArmLur.am-ը տեղեկացավ, թե ինչպես է բացահայտվել ներկուսակցական ընտրությունների թնջուկը: ՔՊ-ականները սկսել են միմյանց համակարգիչների մեջ մտնել:
Պարզվում է՝ ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, որ ի սկզբանե վարչության անդամությունում չէր հայտնվել, կուսակցության անդամներից մեկի՝ Տրդատ Սարգսյանի համակարգչի վրա նկատել է այն շրջանառվող ցուցակը, որտեղ գրված է եղել՝ ով պետք է անցնի վարչություն, ով՝ ոչ: Նա, ըստ մեր տեղեկությունների, լուսանկարել է շրջանառվող այդ ցուցակը, ինչ որ գրագրություններ ու վերահաշվարկ պահանջել:
«Թորոսյանն այժմ հնարավոր բոլոր օղակներով բողոքում է ընտրությունների արդյունքներից։ Ընդհուպ՝ կուսակցական գործընկերոջ համակարգիչ է մտնել, որը պատահաբար բաց է թողել մի էջ, որտեղից տվյալներ է հանել, որ կուսակցական ընտրությունները կասկածի տակ դնի:
Ավելին՝ ՀԿ սեկտորին է այս հարցին խառնել, որ կուսակցականների դեմ խոսեն: Այս պահին կուսակցությունում բոլորը լարված են Թորոսյանի դեմ: Մենք շատ լավ հիշում ենք ամենաանհաջողակ նախարարն էր, ու հիմա սրբի շորերը հագած՝ ընտրություններից, արդարությունից է խոսում»,- ասաց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:
Մեզ փոխանցեցին նաև, որ կուսակցական վարչության այդ խայտառակ ընտրությունները, որ ներկուսակցական մոլի գզվռտոցների պատճառ են դարձել, դեռ երկար է մնալու ՔՊ-ականների կոկորդին: Բոլորն արդարանում են և բղավում՝ «բռնեք գողին»: Իսկ բռնող դեռ չկա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը