ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների ձեռնարկած բազմաթիվ քայլերն՝ ուղղված տարաձայնությունների հարթմանը: Այս մասին նշել է ԵՄ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ԼՂ հակամարտության գոտում 44-օրյա պատերազմի ավարտի երկրորդ տարվա կապակցությամբ արված հայտարարությունում։
«Այս առիթով ԵՄ-ն հիշում է վերջին 30 տարիների ընթացքում հակամարտության բոլոր հայ և ադրբեջանցի զոհերին։ Լիովին գիտակցելով այս դժվարին ժառանգությունը՝ ԵՄ-ն երկու կողմերին էլ կոչ է անում շրջել թշնամանքի էջը և շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու մարդկային կյանքի հետագա անհարկի կորուստը և վնասները», - նշված է հայտարարությունում։
Դիվանագետը շեշտել է, որ չնայած բանակցությունները բարդ են, սակայն կարևոր է համաձայնեցնել հետագա քայլերը:
«Եվրոպական Միությունը նաև ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության կողմից ձեռնարկված բազմաթիվ քայլերը՝ իրենց տարաձայնությունները հաղթահարելու և տարածաշրջանում երկարատը և կայուն խաղաղության հասնելու համար։ ԵՄ-ն բարձր է գնահատում նրանց կայուն ներգրավվածությունը տարբեր մակարդակներում և տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում: Թեև այս բանակցություններն ակնհայտորեն բարդ են և ժամանակ կպահանջեն, կարևոր է չկորցնել թափը, համաձայնեցնել առաջ ընթանալու կոնկրետ քայլերը և ապահովել անվտանգ, ապահով և բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության», - գրել է Պիտեր Ստանոն:
Հայտարարությունում նաև կողմերին կոչ է արվում մեղմել հռետորաբանությունը և չսրել լարվածությունը:
«Դեռևս փխրուն միջավայրում, վերջին 30 տարիների վերքերը դեռ չբուժված, ԵՄ-ն կրկնում է իր կոչը կողմերին՝ մեղմել իրենց հռետորաբանությունը և խուսափել լարվածության ցանկացած անհարկի սրումից, ներառյալ՝ զերծ մնալով միմյանց հասցեին սպառնալիքներից կամ մեղադրանքներից, ինչպես նաև ռազմական սադրանքներից և գործողություններից», - գրված է ԵՄ հայտարարությունում:
Դիվանագետը շեշտում է, որ ԵՄ-ն կշարունակի իր ակտիվ մասնակցությունը խնդիրների կարգավորման գործընթացում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը