14 10 2020

Հայաստանը պետք է առավելագույն ջանքեր գործադրի փակելու Ադրբեջանի մուտքը դեպի ֆոնդեր

Հայաստանը պետք է առավելագույն ջանքեր գործադրի փակելու Ադրբեջանի մուտքը դեպի ֆոնդեր

Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի սանձազերծած աննախադեպ ագրեսիան ընդդեմ Արցախի անպատժելիորեն շարունակում է դրսևորվել՝ զուգակցված միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով և ստանձնած միջազգային պարտավորություններից անարգմամբ:

Հայաստանը շուտափույթ կերպով պետք է նախաձեռնի և օգտագործի իր հայեցողության տակ եղած բոլոր հնարավոր միջոցները Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարատեսակ սանկցիաներ կիրառելու նպատակով՝ Արցախում վերջիններիս շարունակական ագրեսիան զսպելու նպատակով:

Հարկ է նշել, որ Հայաստանի առաջնային գործընկերը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի նկատմամբ սանկցիաներ կիրառելու, Եվրոպական միությունն (այսուհետ՝ «ԵՄ») է: Այս գործընթացին վստահաբար կաջակցեն ԵՄ անդամ պետություններից շատերը: Ներկայումս մի շարք ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ ակտիվորեն բարձրացնում են Թուրքիայի նկատմամբ սանկցիաների կիրառելու հարցը, եթե վերջինիս կառավարությունը չդադարեցնի էներգիայի ռեսուրսների փնտրտուքը արևելյան միջերկրածովյան ավազաններում, որոնց նկատմամբ Հունաստանն ու Կիպրոսն ունեն բացառիկ իրավունքներ:

Ավելին՝ Հայաստանը կարող է նախաձեռնել երկկողմ խորհրդակցություններ ԵՄ անդամ պետություններից յուրաքանչյուրի հետ անհատապես, օրինակ՝ Նիդեռլանդների, Ֆրանսիայի, Հունաստաին, Կիպրոսի հետ, որոնք համագործակցում են միասին՝ մշակելու և կիրառելու «խելամիտ» սանկցիաներ և ձեռնարկելու հակաահաբեկչական միջոցառումներ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ: Այս սանկցիաները կարող են լինել կամ համընդհանուր կամ ընտրողական, ինչպես օրինակ՝ ակտիվների վրա արգելանք, հաշիվների սառեցում, առևտրատնտեսական սահմանափակումներ:

ԵՄ օրենսդրության համաձայն՝ սահմանափակող միջոցառումները՝ սանկցիաները, ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության (CFSP) նշանակալից մասն են կազմում, որի միջոցով ԵՄ-ն իրավունք ունի անհրաժեշտ իրավիճակներում միջամտելու՝ կանխելու կոնֆլիկտը կամ արձագանքելու հասունացող կամ առկա ճգնաժամին: ԵՄ օրենսդրության համատեքստում դրանք արդյունավետ պատժամիջոցներ են, որոնց միջոցով հնարավորություն է ընձեռվում կանխել ահաբեկչությունները:

Հայաստանը պետք է նման նախաձեռնությամբ հանդես գա՝ թիրախավորելով Ադրբեջանի տնտեսության ֆինանսական ոլորտը, մասնավորապես՝ սանկցիաներ կիրառելու ադրբեջանական առևտրային բանկերի նկատմամբ, ներառյալ՝ ռազմական առումով աջակցող որևէ այլ փոխկապակցված ֆինանսական ինստիտուտի:

Առանձնահատուկ ջանքեր պետք է գործադրվեն սանկցիաներ կիրառելու Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի՝ SOFAZ-ի նկատմամբ: Սանկցիայի նպատակն ու էությունը պետք է լինի հետևյալը՝ մերժել Ադրբեջանի կառավարության այն փոխանցումների, գործարքների կատարումը, որոնք օգտագործվում են աջակցելու, ֆինանսավորելու Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմին, ահաբեկչությանը և ահաբեկչական ցանցերին:

Ավելին, մի խումբ երկրների կոլեկտիվ սանկցիաները կարող են ճնշել և զսպել Թուրքիայի՝ տարածաշրջանային բացասական ազդեցությունը:

Հատկանշական է, որ սանկցիաները կարող են կիրառվել նաև ոչ ադրբեջանական հաստատությունների նկատմամբ, որոնք գործարքներ են իրականացնում՝ ահաբեկչությանը աջակցելով, որպեսզի արդյունավետ կերպով նրանք ևս դուրս մղվեն միջազգային ֆինանսական համակարգիվ: Հայաստանը պետք է առավելագույն ջանքեր գործադրի փակելու Ադրբեջանի մուտքը դեպի ֆոնդեր:

Ավելին՝ ԵՄ մաքսային միության շրջանակներում Թուրքիան նույնպես կարող է սանկցաների թիրախ դառնալ, ինչը հնարավորություն կընձեռի դրանք կիրառել ԵՄ-Թուրքիա ապրանքաշրջանառության վրա:

Եվ վերջում՝ ԵՄ սանկցիաները պետք է ունենան իրավական փաստաթղթի տեսք, որը հնարավորություն կընձեռի՝ ԵՄ տարածքում արգելանքներ դնելու համապատասխան պաշտոնատար անձանց գույքերի և գույքային իրավունքների վրա: Այսպիսով՝ ԵՄ-ի՝ սանկցաներին վերաբերող կանոնակարգերը հնարավորություն չեն տա արգելադրված գույքերի և գույքային իրավունքների հետ կապված որևէ գործարքներ կատարել:

Հայաստանի ձեռնարկած միջոցառումները պետք է թիրախավորեն առավելապես Ադրբեջանի իշխող ռեժիմը, այլ ոչ թե նրա բնակչությանը:

Սարգիս Գրիգորյան

GPartners իրավաբանական ընկերություն

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ