Hraparak.am-ը գրում է.
«Արդեն տեղեկացրել ենք, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության` նախորդ շաբաթ կայացած ընտրության արդյունքները կեղծվել են։ Նախօրեի ուշ երեկոյան մեկնարկած եւ ողջ գիշեր տեւած վերահաշվարկի արդյունքում նորընտիր վարչության կազմում փոփոխություններ են արվել՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դուրս են մնացել վարչության կազմից` իրենց տեղը զիջելով Արսեն Թորոսյանին և Արմեն Փամբուխչյանին։
Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ում չեն պատրաստվում հրապարակային խոստովանել վերահաշվարկի մասին եւ մտադիր են ներկայացնել, որ վերջիններս ինքնաբացարկ կհայտնեն։ Մի քանի ժամից նորընտիր, բայց ոչ լեգիտիմ վարչության կազմը պետք է հանդիպի Նիկոլ Փաշինյանին, եւ քննարկեն կատարվածը, որի գլխավոր «հերոսը», ըստ լուրերի, Արփի Դավոյանն է: Հենց նա է եղել ընտրությունների ողջ կազմակերպչական հարցերի պատասխանատուն եւ ազդեցություն է գործել հաշվիչ հանձնաժողովի վրա, որի կազմում ընդգրկված են եղել ԱԺ փորձագետներ, նախկին-ներկա պատգամավորի օգնականներ։
Մեզ ասացին, որ մինչ տեղի կունենա վարչապետի հետ հանդիպումը, ՔՊ-ում արդեն սկսվել են «բազարները»՝ ոչ միայն վարչության, այլեւ խմբակցության անդամներն են կարծում, որ Արփի Դավոյանին պետք է զեղծարարության համար պատասխանատվության ենթարկել եւ ընդ որում՝ խիստ պատիժ տալ՝ զրկել պատգամավորական մանդատից, քանի որ նա խայտառակել է մի ողջ կուսակցություն, եւ միայն նրան պատժելով կարելի է փրկել կուսակցությունը նման խայտառակությունից։
Ավելին, մեզ ասացին, որ Հայկ Կոնջորյանն անսասան է՝ չի պատրաստվում ինքնաբացարկի մասին հայտարարել, ու սպասվող հավաքին հենց նա էլ կպահանջի, որ ոչ թե «զոհին» պատժեն, այլ` «դահիճին»։
Ի դեպ, կատարվածը որպես անփութության արդյունք ներկայացնել չի ստացվի, որովհետեւ դուրս մնացողների ձայների տարբերությունը շատ մեծ է՝ Համբարձում Մաթեւոսյանի օգտին 418 ձայն էին հաշվարկել, Հայկ Կոնջորյանին՝ 387, իսկ ամենաքիչ ձայներ հավաքած Ռոմանոս Պետրոսյանը 386 ձայն է ստացել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը