Արցախի Հանրապետության Խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային: Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ հրավիրված մեծ հանրահավաքի առջև:
«Նիստից անմիջապես հետո ելույթները կշարունակվեն Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում: Բոլորիդ հորդորում ենք մասնակցել հանրահավաքին՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու մեր վճռականությունը միասնաբար հայտնելու նպատակով:
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, հանդիպման վայրը Վերածննդի հրապարակն է՝ 88-ի շարժման ոգով միասին մեր ձայնը բարձրացնելու...»,- նշված է Արցախի Աժ տարածած հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը