11 10 2022

Հայաստանը դառնալու է Թուրքիայի և Ադրեբեջանի գաղութ․ Արթուր Խաչատրյան․ News.am

Հայաստանը դառնալու է Թուրքիայի և Ադրեբեջանի գաղութ․ Արթուր Խաչատրյան․ News.am

Հաշվի առնելով իշխանության սանձազերծած գրոհը Ռուսաստանի դեմ՝ կարելի է ենթադրել, որ խաղաղության համաձայնագրում իշխանությունը կգնա արեւմտյան սցենարով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Փաշինյանը եւ իր մունետիկները հայտարարում են, որ Հայաստանն այլեւս չի կարող լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Այս իշխանությունը 120 հազար հայի ուղղակի թողնում է յաթաղանի տակ։ Փաշինյանն ասում է, թե արցախցիները խոսեն ադրբեջանցիների հետ, մենք խոսենք ադրբեջանցիների հետ առանձին։ Արցախի բանակցային ուժը համեմատած Ադրբեջանի բանակցային ուժի հետ զրո է։  Ոչ թե Հայաստանը չի կարող, այլ իրենք չեն կարող։ Իրենք ձախողել են, պետք է գնան, պետք է գան նրանք, որոնք ոչ միայն ասում են, որ կարող են, այլ որ իրենց գործունեությամբ են բազմիցս ցույց տվել»,- նշեց Խաչատրյանը։

Խաչատրյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հզորացումն այս տարածաշրջանում է դեմ է ոչ միայն ռուսական եւ իրանական շահին, այլ նաեւ ամերիկյան շահին։

«Ուղղակի պետք է կարողանալ աշխատել այս երեք ուժային կենտրոնների հետ եւ ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգություն, ինչը սրանք չենք կարողացել անել եւ հզորացնել մեր բանակը։ Հայաստանը միշտ կարողացել է զենքը ձեռք բերել, ընդորում՝ շատ հաճախ առավել էժան, քան միջազգային գներն են, իրենք չեն կարողանում, բայց դա փորձում են ներկայացնել իրենցից անկախ, օբյեկտիվ իրականություն»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ եթե հնարավոր չեղավ կանգնեցնել այս վտանգավոր ընթացքը, ապա պետք է պատրաստ լինել, որ Հայաստանը դառնալու է Թուրքիայի եւ Ադրեբեջանի գաղութ, որին էլ տանում են իրենց առաջարկած պայմանները։

«Փաշինյանը, կուլ տալով ադրբեջանական խայծը, գնացել է սահմանազատման եւ սահմանագծման։ Եթե դու գնում ես դրան, նշանակում է դու քո սահմանները չես ճանաչում, այլապես պետք է ասես՝ սա է իմ սահմանը։ Տեխնիկապես հասկանալի է՝ ես քեզ այս թուփը տալիս եմ, դու ինձ այս թուփն ես տալիս, բայց գլոբալ առումով գնալ դրան նշանակում է չճանաչել քո սահմանները։ Իրենք տանում են այն բանին, որ Արցախը եւ արցախցիներին թողնեն Ադրբեջանին, ինչը նշանակում է կործանում, որովհետեւ Հայաստանն առանց Արցախի շատ ավելի թույլ է, քան Հայաստանն Արցախով»,- ընդգծեց Արթուր Խաչատրյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ