07 10 2022

Ադրբեջանը հակված չէ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը քննարկել Հայաստանի հետ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանը հակված չէ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը քննարկել Հայաստանի հետ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո ընդունվեց հայտարարություն: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը պարզաբանեց հայտարարության հետ կապված մի քանի հարց:   

Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Արդյո՞ք սա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, որտեղ ադրբեջանցիները ներխուժել են 2021 թվականի մայիսին, նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին:

 
 
 

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան տարածքը սակարկման ենթակա չեն: Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ հայկական կողմի այս դիրքորոշման ամրագրումը ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից կարևոր քայլ ենք համարում: Ինչ վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերմանը, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների դադարեցմանն ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանմանը, դրանք հրամայական են ցանկացած պարագայում, Պրահայի հայտարարության  համատեքստում՝ հատկապես։

Նաև, Հայաստանի ու Ադրբեջանի կողմից իրենց հանձնառության հաստատումը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հիմք կհանդիսանա երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների համար:

Հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին: Արդյո՞ք հանդիպման ընթացքում ԼՂ հիմնախնդրին անդրադարձ եղել է: Առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Արցախի հարցում՝ հաշվի առնելով, որ կողմերը հաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:

Մենք բազմիցս նշել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը առանցքային է մեզ համար։ Մենք այդ հարցերը բարձրացնում ենք մեր բոլոր հանդիպումներում, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ։ Սակայն Ադրբեջանը հակված չէ այդ հարցը քննարկել Հայաստանի հետ։

Միջազգային գործընկերներն էլ են հանգում այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը ենթակա են հստակեցման, և այս առումով կարևոր են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումները՝ միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծմամբ։ Հայաստանն, իհարկե, Ադրբեջանի հետ բոլոր շփումներում հարցը ներառում է քննարկման շրջանակի մեջ։

Հայտարարության մեջ խոսք է գնում նաև այն մասին, որ Հայաստանը համաձայնություն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելուն, իսկ Ադրբեջանը համաձայնվել է համագործակցել այնքանով, որքանով կառնչվի: Սրանից կարո”ղ ենք եզրակացնել, որ Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտորդների տեղակայմանը:

Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ նշել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջազգային փաստահավաք և մշտադիտարկման մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին: ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով՝ ՀՀ ինքնիշխան տարածքում: Հաշվի առնելով նշյալը, պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի համաձայնության կամ անհամաձայնության հարց առկա չէ: 

Կխնդրեի մանրամասնել, թե սահմանի որ հատվածներում են տեղակայվելու դիտորդները, ինչ հիմնական աշխատանք են նրանք կատարելու, որքանով նրանց ներկայությունը կթուլացնի լարվածությունը սահմանին:

ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակները, ինչպես արձանագրված է հայտարարության մեջ, վստահության ամրապնդումն է և իրենց դիտարկումներով սահմանային հանձնաժողովներին աջակցելը: Առաքելության գործառույթների և լիազորությունների շրջանակի, տեղակայման հստակ վայրերի և այլ բնույթի մանրամասների վերաբերյալ, թերևս, խոսելը վաղ է, քանի որ այս հարցերը դեռևս գտնվում են աշխատանքային քննարկումների տիրույթում:

Արդյո՞ք հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանում պահվող  հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը, ի՞նչ զարգացումների կարելի է սպասել այս հարցում:

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցը մեր կողմից մշտապես բարձրաձայնվում է միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումների ընթացքում: Պրահայում տեղի ունեցած հանդիպումները նույնպես բացառություն չէին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ