07 10 2022

Ադրբեջանը գերի է վերցրել, խոշտանգել և սպանել մի շարք հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց․ Մհեր Մարգարյանի ելույթը

Ադրբեջանը գերի է վերցրել, խոշտանգել և սպանել մի շարք հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց․ Մհեր Մարգարյանի ելույթը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի 77-րդ գլխավոր վեհաժողովի առաջին կոմիտեի ընդհանուր քննարկումներում:

Մարգարյանը, մասնավորապես, ասել է.

«Հայաստանը վերահաստատում է իր ամուր հանձնառությունը զենքի չտարածման, զինաթափման, սովորական սպառազինությունների վերահսկման և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների բնագավառներում իրավաբանորեն պարտադիր միջազգային պարտավորությունների լիարժեք և համընդհանուր կատարմանը:

Միջուկային զենքի չտարածման պայմանագրի բազմակողմանի և արդյունավետ իրականացումը մնում է միջուկային զենքի և դրա տեխնոլոգիաների տարածման կանխարգելման, միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման և համընդհանուր ու ամբողջական զինաթափման նպատակին հասնելու համար միջազգային ջանքերի անկյունաքարը:

Տարիներ շարունակ Հայաստանը հավատարիմ է եղել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին իրավաբանորեն պարտադիր պայմանագրի և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցների մասին Վիեննայի փաստաթղթի իրականացմանը: Ցավոք, սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի ամբողջականությունը լրջորեն խաթարվել է որոշ ուժերի կողմից դրա հիմնական դրույթների պարբերական, կանխամտածված և զանգվածային խախտումների պատճառով։

Վեճերի կարգավորման համար ուժի կիրառման քաղաքականությունը, պատերազմների հրահրումը, պետության ղեկավարության ներքո արմատականացումը և մի շարք ազգերի ու էթնիկ խմբերի անմարդկային վերաբերմունքի հիման վրա ինքնության ձևավորումը վտանգավոր միտումներ են, որոնք վնասում են գլոբալ և տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է միասնական լինի բոլոր դեպքերում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը վճռականորեն չընդունելու հարցում, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները։

Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները անմիջական սպառնալիք են Հարավային Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղությանն ու անվտանգությանը։

Վերջերս՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական հարձակումը թիրախավորեց Հայաստանի արևելյան և հարավարևելյան շրջանները՝ պատճառելով ավելի քան 200 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Շուրջ 8000 մարդ, հիմնականում՝ կանայք, երեխաներ և ծերեր, ժամանակավորապես տեղահանվեցին։ Հայաստանի խիտ բնակեցված քաղաքները թիրախային կրակի տակ էին հայտնվել՝ Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտմամբ։ Այս հարձակումներին նախորդել են 2021 թվականի մայիսին, հուլիսին և նոյեմբերին տեղի ունեցած ագրեսիվ գործողությունները։

Միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտմամբ՝ Ադրբեջանը գերի է վերցրել, խոշտանգել և սպանել մի շարք հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց, որոնք ենթարկվել են ամենազազրելի բարբարոսությունների, ներառյալ՝ սեռական և գենդերային բռնությունը, բռնի սպանությունները և անդամահատումները: Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում լայնորեն տարածվում են հայ ռազմագերիների բարբարոսական արտադատական մահապատիժների ցնցող տեսանյութերը։ Ադրբեջանցի զինվորականների հանցավոր վարքի մասին լավ փաստագրված ապացույցներն անհերքելի են։ Ավելի ու ավելի հրամայական է, որ բոլոր ոճրագործությունները լիովին հետաքննվեն, և մեղավորները, ներառյալ նրանց զինված ուժերի ղեկավարությունը, պատասխանատվության ենթարկվեն:

Անցած շաբաթ՝ սեպտեմբերի 28-ին, ադրբեջանական զավթիչ ուժերն ականանետների և խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ դիմեցին հերթական ռազմական սադրանքին, ինչի հետևանքով երեք հայ զինծառայող զոհվեց։ Ադրբեջանական զինուժը շարունակում է կենտրոնանալ և ամրապնդել դիրքերը սահմանների երկայնքով և Հայաստանի օկուպացված հատվածներում՝ հետագա էսկալացիայի վտանգ ներկայացնելով։

Տարիներ շարունակ սովորական սպառազինությունների վերահսկման ոլորտում Ադրբեջանի՝ պայմանագրերը չկատարելու և ռեժիմներին չենթարկվելու, չծանուցված լայնածավալ զորավարժությունների, չվերահսկվող զինուժի և տարածաշրջանային պայմանավորվածությունների շրջանակում վստահության և անվտանգության ապահովման միջոցառումներ իրականացնելուց հետևողական մերժման հաստատված արձանագրությունները ցույց են տվել մեր տարածաշրջանում հետագա ռազմական ագրեսիա հրահրելու հստակ մտադրություն: Ցավոք սրտի, համապատասխան միջազգային և տարածաշրջանային կառույցների կողմից համարժեք արձագանքի և գործողությունների բացակայությունն ի պատասխան Ադրբեջանի կողմից իր իրավաբանորեն պարտադիր պարտավորությունների ակնհայտ անհամապատասխանությանը թույլ տվեց վերջինիս շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը:

Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությանն է ներկայացրել Ադրբեջանի կողմից վերջին հարձակումների և ներխուժման հարցը և կշարունակի այդ մասին բարձրաձայնել ՄԱԿ-ի և նրա համապատասխան մարմինների առջև, որպեսզի վերջինները կատարեն միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար իրենց պատասխանատվությունը, վճռականորեն դատապարտեն հանցավոր հարձակումները Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, կոչ անեն անհապաղ և անվերապահ դուրս բերել զորքերը ՀՀ տարածքներից։

Համոզված ենք, որ միջազգային կառույցները պետք է վճռական լինեն իրավաբանորեն պարտադիր միջազգային պարտավորությունների համակարգային և կոպիտ խախտումների դեպքում։ Տարածքներ գրավելու կամ միջազգային վեճերը լուծելու համար ուժի կիրառման հանցավոր գործելաոճը պետք է միանշանակ դատապարտվի, իսկ խախտողները՝ ենթարկվեն համապատասխան պատժամիջոցների։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ