Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակումը խլել է 105 մարդու կյանք, տասնյակ մարդիկ վիրավորվել են, տասնյակ մարդիկ անհետ կորել են, իսկ քաղաքացիական բնակավայրերին եւ ենթակառուցվածքներին հասցվել է լուրջ նյութական վնաս։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ «Ադրբեջանը գերեվարել է առնվազն 7 հայի, բայց նրանց թիվը կարող է ավելին լինել։ Ավերածությունների մասշտաբներն այնքան մեծ են, որ նախնական տվյալներով վնասվել է մոտ 200 տուն, որոնցից 60-ն ամբողջությամբ ավերվել է։ Մի քանի օր անընդմեջ Հայաստանի մի շարք խիտ բնակեցված տարածքներ, այդ թվում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Սոթքը ենթարկվում էին ուժեղ գնդակոծության։ Ըստ վերջին հաղորդագրությունների՝ հարձակման հետեւանքով Գեղարքունիքում, Սյունիքում եւ Վայոց ձորում տեղահանվել է առնվազն 2756 մարդ, այդ թվում՝ 370 երեխա եւ 55 հաշմանդամ։
Ջերմուկ հանգստավայրի գնդակոծությունը, որը բացարձակապես ռազմական թիրախ չէ, ռազմական հանցագործություն է, ինչպես Կեչուտի ջրամբարի վրա հարձակումները, որոնք կարող են հանգեցնել աղետալի հետեւանքների մարդկանց եւ շրջակա միջավայրի համար։ Սա Ժնեւի կոնվենցիայի եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։
Հարվածների են ենթարկվել նաեւ տեղացի եւ արտասահմանցի լրագրողները, որոնք լուսաբանել են այս իրադարձությունները։
Անցած տարվա ընթացքում մենք բազմիցս հրավիրել ենք Անվտանգության խորհրդի ուշադրությունն այն փաստի վրա, որ Ադրբեջանն իրականացնում է տարածքները ուժով զավթելու անօրինական պրակտիկա։ 2021 թվականի մայիսի 14-ին, հուլիսի 29-ին եւ նոյեմբերի 16-ին թվագրված նամակներում Հայաստանը նախազգուշացրել է Անվտանգության խորհրդի անդամներին, որ Ադրբեջանը մշտապես խախտում է միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքները, ինչպես նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի դրույթները։
Վերջին երկու օրերի ընթացքում Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 10 քառակուսի կիլոմետրը։ Այս հարվածը հաջորդել է 2021 թվականի մայիսին եւ նոյեմբերին տեղի ունեցած հարձակումներին, երբ Ադրբեջանը գրավեց մեր երկրի ինքնիշխան տարածքի մոտ 45 քառակուսի կիլոմետրը։ Այս ագրեսիան իրականացվել է խաղաղ բանակցությունների համատեքստում, որոնք ընթանում են տարբեր հարթակներում եւ տարբեր խաղացողների աջակցությամբ։ Հայաստանը մասնակցում է այս բոլոր գործընթացներին՝ բարեխղճորեն հետապնդելով Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակը։ Հայաստանը բացահայտ ջանքեր է գործադրում տարածաշրջանի հետ աշխատելու համար եւ արդեն հայտարարել է խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։ Այս ագրեսիան Ադրբեջանի պատասխանն է միջազգային հանրության միջնորդական ջանքերին։
Ադրբեջանը կարդարացնի իր երկրի գիշատիչ պահվածքը, բայց եկեք չշփոթենք՝ Հայաստանի նախաձեռնությամբ զինված հարվածներ չեն իրականացվել։ Մենք հասկանում ենք, որ երկար տարիներ այդ մեղադրական խաղերը եղել են Ադրբեջանի լավագույն բարեկամները։ Հենց սա է պատճառը, որ Ադրբեջանը դեմ է հրադադարի ռեժիմի խախտումները բացահայտելու մեխանիզմներ ստեղծելու գաղափարին»,-ասել է Մարգարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը