ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով: Նախքան լրագրողների հարցերին պատասխանելը նա ներկայացրեց իրավիճակը Արցախում և Հայաստանում, նշեց անվտանգային խնդիրները: Ներկայացնում ենք ՀՀ անվտանգային իրավիճակին վերաբերող հատվածն ամբողջությամբ:
«Գտնվում ենք խորը անվտանգային ճգնաժամի մեջ, երբ իշխանությունը ի վիճակի չէ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը, վերջին իրավիճակը նաև ցույց տվեց, որ չեն կարողանում ներգրավել մեր գործընկերներին պայմանագրերով սահմանված պարտավորությունները կատարելու համար: Իշխանությունը տարվել է խաղաղության դարաշրջան բացելու թեզով, այդ թեզի ներքո ուղղակի անտեսել է անվտանգության բազմաթիվ հարցեր: Բաքվի և Անկարայի դերը շեշտակի աճել են, այս իրավիճակում անտեսել անվտանգային հարցերը, ուղղակի հանցավոր անգործություն է: Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր, իրականում իր բովանդակությամբ դա նշանակում էր, որ սպասելիքներ չկան: Հոգեհանգստի ժամանակ ոչ ոք հանգուցյալին առողջություն չի ցանկանում: Այս էջը պետք է փակել և պետք է բացել նոր էջ այլ հիմքերի վրա հենված:
Այս ամենը շատ օրինաչափ հետևքանք է այն քաղաքականության, որը տարվել է Հայաստանում 2018-ից, թույլերին և նվնվացողներին ոչ ոք չի սիրում, որ ոք այդ մարդկանց հետ ընկերություն չեն անում, նույնը միջազգային հարաբերություններում է: Մուրացկաններին ինչ-որ բան տալիս են խղճահարության պատճառով, այլ ոչ թե հարգանքի, չի կարելի պետությանը մուրացկան սարքել, եթե մենք ուզում ենք, որ մեր պետության և պետականության հանդեպ լինի հարգանք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը