22 09 2022

Լրագրողների նկատմամբ ԱԺ-ում կատարված ոտնձգությունների հարցով «Ամարաս»-ը գլխավոր դատախազին հաղորդում է ուղարկել

Լրագրողների նկատմամբ ԱԺ-ում կատարված ոտնձգությունների հարցով «Ամարաս»-ը գլխավոր դատախազին հաղորդում է ուղարկել

Իրավաբան Արսեն Բաբայանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին MediaHub.am և Yerevan.Today լրատվական կայքերի լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի, ինչպես նաև նույն լրատվական կայքերի օպերատորների նկատմամբ ՀՀ Ազգային ժողովում` պատգամավոր Քրիստինե Պողոսյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև ՊՊԾ ծառայողների կողմից կատարված ոտնձգությունների դեպքի առթիվ «ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոնը ՀՀ գլխավոր դատախազին է ուղարկել հանցագործության մասին հաղորդում։

Հաղորդմամբ պահանջվել է նախաձեռնել քրեական վարույթ և այդ վարույթի շրջանակներում գնահատական տալ վերոհիշյալ արարքներին, որը, մեր համոզմամբ, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածով նախատեսված արարքին (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) և 44-171-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի (Առողջությանը թեթև վնաս պատճառելու հանցափորձ)։

«Գտնում ենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՊՊԾ ծառայողների արարքներում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշներ։

Գտնում ենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանը թույլ է տվել արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին հոդվածով նախատեսված արարքի հանցափորձ։

Պահանջում ենք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված կարգով նախաձեռնել քրեական վարույթ։ Հայտնում ենք, որ սույն հաղորդմամբ ներկայացվել են բոլոր այն հանգամանքները, որոնք մեզ հայտնի են եւ ամբողջությամբ բավարարում են վարույթ նախաձեռնելու համար անհրաժեշտ պայմաններին»,-մասնավորապես ասված է հաղորդման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ