Գալիս են Եռաբլուրի սահմաններն անվերջ ընդարձակողները, իսկ իրենց առջև ճանապարհ են բացում կարմիրբերետավորները․ Էլինար Վարդանյան
Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր առավոտյան Եռաբլուրում համազգային հերթական խայտառակությունն էր։ Փաշինյանն ու իրեն ուղեկցողները Եռաբլուր մտան ոստիկանական բռնի ուժի գործադրման արդյունքում, բերման ենթարկելով այն ծնողներին, ում երեխաների շիրիմների մոտ պետք է խոնարհվեն: Ավելի գռեհիկ բան դժվար է պատկերացնել: Գալիս են Եռաբլուրի սահմաններն անվերջ ընդարձակողները, իսկ իրենց առջև ճանապարհ են բացում կարմիրբերետավորները: Ճանապարհ են բացում` ծնողներին քաշքշելով, վնասելով, գետնին քարշ տալով, ոստիկանության բաժանմունքներ տեղափոխելով: Ծնողին քարշ են տալիս, որ այդ ծնողի որդու շիրիմի առջև խնորհվեն: Ու հաղթում են, տարբեր գույնի բերետավոր տղաները «հաղթում» են զոհված տղաների ծնողներին: Բարձունքը գրավված է: Գալիս են Եռաբլուրի համար պատասխանատուները` թարմ ծաղիկները տալիս են ձեռքները ու գնում են նոր, թարմ փոսերով անվերջ ընդարձակվող Եռաբլուր` մամուլում մեկ վերնագիր ստանալու համար. «Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի անկախության կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին»: Կարևորը ֆոտոսեսիան է: Իսկ այնտեղ հանգչող, դեռ կյանք չմտած հայորդիների ծնողները, երևի, հարգանքի արժանի չեն: Կարևորը ի ցույց դրվեց , թե ինչպես են «հարգանքի տուրք» մատուցում։ Իսկ վերջում մնում է ամոթը: Ամոթ մեզ համար, մեր հանրության համար, մեր հասարակության, ժողովրդի, որ թույլ ենք տալիս այս այլասերությունը: Իշխանության համար վաղուց արդեն «ամոթ» բառը գոյություն չունի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը