Կարո՞ղ է արդյոք Հայաստանի կառավարությունը որևէ բան ճիշտ անել. Օր չկա, որ չանցնի առանց հավելյալ վատ լուրերի Հայաստանից և Արցախից։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր թշնամիներին մեղադրելու փոխարեն՝ մենք պետք է տեսնենք մեր սեփական թերությունները և դադարենք մեզ ավելի շատ վերքեր հասցնել։
2020 թվականի Արցախյան պատերազմում կրած ջախջախիչ պարտությունից հետո Հայաստանում տիրող ծանր ճգնաժամի պայմաններում թվում էր, թե հայ ղեկավարները իմաստություն կունենան համախմբելու ժողովրդին և ուժեղացնել բանակը՝ երկրի վրա հետագա հարձակումները կանխելու համար։
Զարմանալիորեն, Հայաստանը որդեգրել է մի ուղղություն, որը տանում է ազգի ավելի պառակտման ու թուլացման։ Հայ ղեկավարները չափազանց ապաշնորհ գտնվեցին այսքան ճգնաժամային խնդիրներ ունեցող երկիր կառավարելու համար: Փոխանակ փորձելու նվազագույնի հասցնել Հայաստանի կորուստները՝ նրանք վճռական են տրամադրված ավելացնելու թշնամիների հասցրած վնասը։
Չորս տարի շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայերին բաժանել է «սևերի» ու «սպիտակների», արցախցիների ու հայաստանցիների, նախկին առաջնորդներն ընդդեմ ներկաների և Հայաստանն ընդդեմ Սփյուռքի, այն ժամանակ, երբ հայերը համախմբվելու խիստ կարիք ունեն։ Նա սպառնացել է իր ներքաղաքական հակառակորդներին «պատերով տալ և փռել ասֆալտին»։ Անցյալ տարի նա նույնիսկ մուրճը ձեռքին գնաց նախընտրական արշավի՝ խոստանալով ջարդուփշուր անել իրեն ընդդիմացողների գլուխները։
Հայաստանը ղեկավարելու համար ոչ միայն Փաշինյանն է չափազանց ապաշնորհ, այլև նրա կաբինետի նախարարներն ու խորհրդականները։ Անհմուտ ղեկավարը չի կարող հմուտ նշանակումներ անել։
Որպես օրինակ վերցնենք Փաշինյանի կողմից Զարեհ Սինանյանի նշանակումը «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի» պաշտոնում։ Սինանյանի միակ որակավորումը վարչապետի կույր կողմնակիցն լինելն է։ Հետևաբար, Սինանյանն իր աշխատանքի երեք տարիների ընթացքում գրեթե որևէ արժանի բան չի արել, բացառությամբ կառավարության սուղ բյուջեն վատնելու իր և անձնակազմի ամբողջ աշխարհում հաճախակի շրջագայությունների վրա:
Սինանյանը վերջերս հայտարարեց, որ իր գրասենյակը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով» կանցկացնի այս տարվա հոկտեմբերին։ Կարելի էր ակնկալել, որ նա ողջախոհություն կունենար «Համաշխարհային գագաթնաժողովին» հրավիրելու Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին և հանրահայտ անձանց՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից։
Սակայն Սինանյանի ու վարչապետի միակ նպատակն է տպավորություն ստեղծել, թե իրենք ինչ-որ բանով են զբաղված, այլ ոչ թե ժողովրդի համար օգտակար բան անելը։ Սինանյանը կարճատեսորեն որոշել է իր շեֆի օրհնությամբ «Համաշխարհային հայկական գագաթնաժողովին» հրավիրել վարչակարգի կողմնակից հայերին՝ դուրս թողնելով նրանց, ովքեր համարձակվել են ընդդիմանալ ներկայիս ղեկավարներին։ Հայաստանի իշխանությունն իրականում զբաղված է ոչ թե Սփյուռքը համախմբելով, այլ բաժանելով։
Ցանկացած այլ նորմալ երկրում Սինանյանի նման աշխատողը վաղուց արդեն հեռացված կլիներ աշխատանքից՝ ապաշնորհ լինելու և կառավարության թանկարժեք ռեսուրսները վատնելու համար։ Սակայն այս վարչապետն աշխատանքից չի հեռացնի իրենից ավելի ապաշնորհ ստորադասին․․․ Ցավոք, Սինանյանն անգամ չգիտի իր աշխատանքի նկարագրությունը։ Նա անմտորեն հրավիրել է արաբներին ներգաղթել Հայաստան՝ չհասկանալով, որ իր պատասխանատվությունը կապված է միայն սփյուռքահայերի հետ, ոչ թե արաբների կամ այլ ազգությունների: Իր հաճախակի հեռուստահարցազրույցներում Սինանյանը մշտապես զբաղված է հատվածական քաղաքականությամբ՝ քննադատելով հայկական խոշոր կազմակերպություններին և առաջացնելով հավելյալ պառակտումներ ժողովրդի մեջ։ Նա չի հասկանում, որ իր գործը ոչ թե որպես Փաշինյանի վարչակարգի քարոզիչ լինելն է, այլ պետական պաշտոնյա լինելը, որն աշխատավարձ է ստանում՝ Հայաստանի և Սփյուռքի միջև կամուրջ հանդիսանալու համար։
Եթե Փաշինյանի ու Սինանյանի արդարացումն այն է, որ իրենց քաղաքական ընդդիմախոսները կհրաժարվեին մասնակցել «Հայկական համաշխարհային գագաթնաժողովին», ապա սա լավ առիթ էր նրանց հրավիրելու համար։ Նրանք, ովքեր կմերժեին հրավերը, կներկանային բացասական լույսի ներքո, իսկ կառավարությունը կերևար ավելի շատ մեծահոգի, քան մանրամիտ: Վայել չէ Հայաստանի իշխանությանը վարվել հաշիվ մաքրել ցանկացող խուլիգանի պես։ Ցավոք, նա հասունություն չունի զերծ մնալու մանրախնդրությունից։ Հայաստանը բոլո՛ր հայերի տունն է, ոչ թե միայն նրանց, ովքեր համաձայն են վարչակարգի հետ։ Հզոր թշնամիներով շրջապատված փոքր և թույլ ժողովուրդը չի կարող իրեն թույլատրել բաժանվել ավելի փոքր բեկորների:
Աշխարհի բոլոր հայերին ողջունելու փոխարեն կառավարությունը վերջին շաբաթներին արգելել է մի քանի հայտնի սփյուռքահայերի մուտքը հայրենիք, որոնց միակ մեղքն այն է, որ իբր «ժողովրդավարական» վարչակարգի հակառակորդներ են․․․ Միևնույն ժամանակ, թույլատրվում է թուրք «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման անդամներին մուտք գործել Հայաստան և անարգել հայ նահատակների հիշատակը Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում։
Անցած 20 տարիների ընթացքում Հայաստանը կազմակերպել է մի քանի Սփյուռք-Հայաստան համաժողովներ, և նրանցից ոչ մեկը օգուտ չի տվել։ Սինանյանի ծրագրած «գագաթնաժողովը» արժանանալու է նույն բախտին։ Փաշինյանը բազմիցս խոսել է սփյուռքահայերին Հայաստանի կառավարությունում բարձր պաշտոններ ստանձնելու թույլտվության մասին։ Ցավոք, խոսքերից բացի, նա ոչ մի քայլ չի արել այդ ուղղությամբ։ Նմանապես, Սինանյանը շուրջ մեկ տարի առաջ մեծ աղմուկով հայտարարեց, որ իր գրասենյակը նշանակելու է Սփյուռքի հանձնակատարներ աշխարհի հայկական համայնքներում: Մինչ այժմ նա ոչ մի նման հանձնակատար չի նշանակել։
Երբ Փաշինյանը 2018 թվականին եկավ իշխանության, նա խոստացավ մինչև 2050 թվականը Հայաստանի 3 միլիոնից պակաս բնակչությունը հասցնել 5 միլիոնի: Ցավոք, Հայաստանի բնակչությունը նրա պաշտոնավարման չորս տարիների ընթացքում ոչ թե աճել է, այլ՝ նվազել։ Դեպի Հայաստան հայրենադարձությունը խրախուսելու մասին խոսելուց բացի, ոչինչ չի արվել։
Վաղուց ժամանակն է, որ համայն հայությունը համախմբվի՝ պաշտպանելու իր հայրենիքը սահմանի երկու կողմում գտնվող հզոր թշնամիներից։ Թուրքերի հետ հաշտվելուց առաջ հայերը նախ պետք է լեզու գտնեն միմյանց հետ։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը