26 07 2022

Դատական գործեր, պարտքեր, մարդկանց «քցելու» դեպքեր. Ու՞մ հույսին է մնացել փաշինյանական դատական համակարգը

Դատական գործեր, պարտքեր, մարդկանց «քցելու» դեպքեր. Ու՞մ հույսին է մնացել փաշինյանական դատական համակարգը

 

Արդեն չորս տարի է՝ ՀՀ-ում արդարադատության համակարգը անցնում է կազմաքանդման հնարավոր տարբեր փուլերով: Կոռուպցիա, ճնշումներ, զանգեր, պատվերներ, խոստումներ, սպառնալիքներ, գործարքներ: Վերջը կարծես չկա։ 

Բոլորովին վերջերս էլ բացահայտվեց համակարգում գագիկջհանգիրյանական արդարադատության պատկերը: Մեկ ձայնագրությամբ պարզ դարձավ, որ դատարաններն օգտագործվում են քաղաքական նպատակներով, անձանական և քաղաքական հարցեր լուծելու համար:

Թե նշված մեթոդներից որն ինչքան օգտագործվեց, ինչ «հարցեր» լուծեց, հատկապես իշխանության համար և որքան կենսունակ էր, կյանքը ցույց տվեց, բայց փաստացի ունենք իրավիճակ, որ անգամ Գագիկ Ջհանգիրյանն իրեն հատուկ գործիքակազմով մեկ տարի էլ չդիմացավ: Ի վերջո ստիպված եղավ հրաժարական տալ։ Ասում են, որ այդտեղ մեծ դեր խաղացին արևմուտքի ճնշումները, բայց փաստը մնում է փաստ․ դատական համակարգը օգտագործվել է իշխանություն պահելու նպատակով ևս:

Եվ ահա, այս բոլոր փուլերից հետո, պարզվում է, որ դատաիրավական համակարգի հույսը մնացել են «հին և բարի» սիլվահամբարձումյանական վկայությունները:

Ամեն անգամ, երբ պետք է լինում «հարց լուծել», քաղաքական նպատակով քրեական գործ հարուցել, կալանավորել, հայտնվում է Սիլվա Համբարձումյանը և դեմքի լուրջ արտահայտությամբ սկսում պատմել, թե ինչպես է կաշառքներ տվել:

Եվ պարզվեց, որ կարելի է մեղադրանք առաջադրել, դատական նիստեր նշանակել առանց փաստերի, միայն այդ մեկ մարդու ցուցմունքի հիման վրա: Մի կողմ թողնենք հարուցված գործերի մանրամասներն ու մեղադրանքի էությունը: Փորձենք պարզել, թե իրականում ո՞վ է Սիլվա Համբարձումյանը, որը պատրաստ է եղել միայն 3 միլիոն դոլար կաշառք տալ, իր ասելով՝ որ իր գործարքներին չխանգարեն: Մի մեջբերում ևս անենք, այստեղ․ նույն իր խոսքերով, իրեն ոչ մեկ չի էլ խանգարել, սակայն ինքը կաշառք է տվել, որ եթե ուզենան խանգարել, չխանգարեն։ Այ այսպիսի հետաքրքիր, իսկ իրականում անտաղանդ սցենար։

Եվ այսպես․ ըստ մամուլի տեղեկությունների «հայտնի» Սիլվա Համբարձումյանը գործունեությունը ծավալել է հանքերի, շաքարավազի ներկրման, արտերկրում հյուրանոցային բիզնեսի ոլորտներում։ Ժամանակին, մամուլի տարբեր պարբերականներ հետաքրքրվել էին, մասնավորապես այդ ոլորտներից ծանոթ շրջանակներից՝ պարզելու Սիլվա Համբարձումյանի փորձն ու բիզնեսները: Օրինակ, մեր պրպտումները հիմնականում ձախողման հանգեցին։ Պարզվեց, որ նրան քչերն են ճանաչում, այն էլ՝ ոչ բարվոք տեսանկյունից՝ ըստ իրենց ունեցած տեղեկությունների` պարտքեր է վերցրել-չի վերադարձրել, «քցել է», հիմնականում տարատեսակ խարդախ և սկանդալային պատմությունների մեջ է եղել, և ոչ ոք չկարողացավ մտաբերել որևէ նորմալ բիզնես կամ նախագիծ որը հաջողել կամ բնականոն աշխատել է սույն տիկնոջ ղեկավարմամբ։ Փորձեցինք խոշոր գործարարի վճարած խոշոր հարկերի մասին տվյալներ ձեռք բերել: Ապարդյուն․ այդ առումով նույնպես որևէ տեղեկություն հայթհայթել չստացվեց։ Ստացվում էր, որ գործարար է, այն էլ ենթադրվում է խոշոր/եթե 3մլն․ կաշառքներ է տվել այսկողմ, այնկողմ/, ոլորտներն էլ բավականին եկամտաբեր են, սակայն որպես հարկատու, ոչ մի սանդղակում նրան գտնել չհաջողվեց։ Ըստ երևույթի, նա կամ սուտ է ասում ինքն իր մասին, կամ հարկերը տարիներ ի վեր թակցրել է, ինչը քրեօրեն պատժելի արարք է։

Մամուլում հրապարակված մի հոդված էլ եկավ լրացնելու մեր իմացած ինֆորմացիային․ Խոսքը Սիլվա Համբարձումյանից տուժած Արաքս Դիլանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի հոդվածն է, որից մի քանի կետ կարելի է առանձնացնել․

Սիլվա Համբարձումյանն արաբ գործարարից 40 մլն է վերցրել Հայաստանում հանք ձեռք բերելու համար․ գումարը չկա, և որպես հիմնավորում՝ այն է, որ այդ գումարով նա Հայաստանի բոլոր ղեկավարներին «առել է»։

  • Սիլվա Համբարձումյանը բազմիցս է հայտնվել դատական քաշքշուկների մեջ՝ աշխատավարձի չվճարման, կոմունալի և այլ վարձավճարների չվճարման և այլ առիթներով։
  • Սիլվա Համբարձումյանը, հակառակ իր պնդումների, ԱՄԷ-ում որևէ բիզնես չունի։
  • Սիլվա Համբարձումյանը որևէ բիզնես չի ստեղծել, կասկածելի հանգամանքներում նրան անցած բիզնեսներն իրենց «մահկանացուն են կնքել»:
  • Սիլվա Համբարձումյանը 1990-ական թվականներից առ այսօր գեթ մեկ դրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, կամ գոնե այդ մասին հայտնի չէ, սակայն մշտապես հայտնվում է այլ անձանց ունեզրկման, սկանդալային պատմությունների էպիկենտրոնում:

Վստահ կարելի է արձանագրել, որ նմանատիպ պատմություններով հայտնի անձանց արած հայտարարությունները գործարար, կամ գոնե իրավական հարթությունում պետք է մեծ կասկածի առիթ տային: Բայց ամենապարադոքսալն այս պատմության մեջ այն է, թե եթե իրեն մշտապես նեղել են, ինչպե՞ս է միլիոններ կուտակել։ Եվ երկրորդը․ եթե նա միլիոնավոր կարողություն ունի, որն անխնա որպես կաշառք բաժանում է հավաքարարից մինչև նախագահ, ապա այդ ինչպե՞ս է, որ անգամ 10 հազար դրամ պարտքը չի վճարում։

Datalex.am-ում Սիլվա Համբարձումյան անուն-ազգանունը գրելով՝ ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս։

Ըստ դատարանի՝ 2009 թվականի կայացրած որոշման՝ հօգուտ ՀՀ Ծաղկաձորի քաղաքային համայնքի Սիլվա Համբարձումյանից բռնագանձվել է 383.233 դրամ գումար, որը ներառում է 1998 թվականից հաջորդող մի քանի տարիների համար չկատարած պարտավորություններ, օրինակ՝ գույքահարկի: Այսպես, օրինակ 1998-ին նա չի վճարել 13.725 դրամ, 2004-ին՝ 10 հազար դրամ, 2008-ին՝ 42. 659 դրամ:

Ստացվում է՝ միլիոնատեր-գործարար տիկինը այն ժամանակ, երբ, իր խոսքերով, նախագահին որպես լավություն միլիոնավոր դոլարներ էր տալիս, 42 հազար դրամ չուներ գույքահարկը վճարելու համար։ Ընդ որում այնքան չի վճարել որ հարցը հասել է դատական ատյաններ։

Նույն տեղեկատվական համակարգում երևում է նաև, թե ինչպես մի դեպքում մի քանի միլիոն դրամի վարձավճար չի վճարել, մեկ այլ դեպքում՝ ոստիկանական պահպանության համար 300 հազար դրամ գումար կամ 660 հազար դրամ գազի պարտք, որը 2017 թվականի դատական վճռով ստիպված էր վճարել։

Ընդունե՛ք, որ ուշագրավ է ստացվում, բայց տարօրինակ պատկեր՝ «գազի» փող չի ունեցել, բայց խոշոր գործարար է եղել ու կաշաքներ տվել միլիոնավոր դոլարների՞։

Վերջին օրերին, իշխանությունները, նորից ակտիվացրել են Սիլվա Համբարձումյանին, հետաքրքիր է հիմա ի՞նչ հանձնարարություն ունի: Երևի թե սպասենք նոր քաղ-քրգործերի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ