19 07 2022

Կարծում եմ՝ Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են նոր ռազմական ագրեսիա սկսել Հայաստանի դեմ․ Նաիրի Հոխիկյան

Կարծում եմ՝ Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են նոր ռազմական ագրեսիա սկսել Հայաստանի դեմ․ Նաիրի Հոխիկյան

 Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է․

Այսօր՝ հուլիսի 19-ին, Իրան են մեկնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Էրդողանն արդեն Թեհրանում է և հասցրել է առանձին հանդիպումներ ունենալ Իրանի նախագահի և Գերագույն Հոգևոր առաջնորդի հետ։

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին բաց տեքստով Էրդողանին ասել է, որ իրենք թույլ չեն տա Հայաստանի և Իրանի սահմանի արգելափակում, «որովհետև այդ սահմանը համարվում է կոմունիկացիոն երթուղի, որը հազարավոր տարիներ եղել է»։

Նկատենք, որ Իրանի բարձրագույն առաջնորդը երբեք նման հայտարարություն չէր անի, եթե չլիներ իրական վտանգ։

Սպասվում է նաև ՌԴ նախագահ Պուտինի հանդիպումը ինչպես Իրանի ղեկավարների, այնպես էլ Թուրքիայի նախագահի հետ։ Եռակողմ քննարկումների պաշտոնական օրակարգը վերաբերում է տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ Սիրիայի վրա Թուրքիայի նախաձեռնած ռազմական ագրեսիան։ Չնայած դրան՝ Իրանի ու Ռուսաստանի ղեկավարները փակ հանդիպումների ժամանակ առաջին պլան են բերել Հայաստանի անվտանգության հարցը՝ որպես իրենց համար տարածաշրջանային կարևորության խնդիր։

Պատահական չէ, որ Իրանի հանդիպումից 2-3 օր առաջ Հայաստանում էին ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Իրանի արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարները։

Կարծում եմ, Թուրքիան ու Ադրբեջանը, Մեծ Բրիտանիայի բարձր հովանու ներքո, ձգտում են առաջիկա շատ կարճ ժամանակում նոր ռազմական ագրեսիա սկսել Հայաստանի դեմ՝ փորձելով օկուպացնել նախ Սյունիքի մարզը, ապա ամբողջ Արցախը։ Սա է պատճառը, որ Իրանի իշխանությունը հստակ ու կոնկրետ զգուշացնում է Թուրքիայի նախագահին՝ ձեռքերը հեռու պահել հայ-իրանական սահմանից։

Թուրքիան կամ Ադրբեջանը երբեք բացահայտ չեն հարձակվի Հայաստանի վրա, բայց շատ հավանական է, որ Կովսականում (Զանգելան) և Նախիջևանի Օրդուբադում հավաքված ավելի քան 5000 ահաբեկիչները Թուրքիայի ուղղորդմամբ սկսեն ներթափանցել Սյունիք։ Դա լավ առիթ կլինի Թուրքիայի ու Մեծ Բրիտանիայի համար, որպեսզի Սյունիքում ու Արցախում ռազմակայաններ տեղակայած Ռուսաստանի դեմ երկրորդ ռազմական ճակատ բացեն, Թուրքիան փորձի Սիրիայի օրինակով զորք մտցնել Սյունիք՝ իբրև թե իր սահմանների անվտանգությունը պաշտպանելու և ահաբեկիչների դեմ պայքարելու համար։

Ճիշտ նույնկերպ, ինչպես վարվեց Սիրիայի պարագայում։

Այս առումով չափազանց կարևոր է, որ Սյունիքի երկու կողմի առաջնագծում էլ հայկական կողմը բարձր պահի մարտական դիրքերի կարգապահությունը և զինվածության մակարդակը։

Հայաստանի փաստացի իշխանությունն էլ պարտավոր է ի վերջո հասկանալ, որ թշնամու հետ գործարքները երբեք լավ բանի չեն հանգեցնում։ Պետք է հասկանալ, որ ստամոքսի հոգեբանությունը բերում է ոչնչացման, և անհրաժեշտ է բոլոր տեսակի հնարավոր ծախսերը ուղղել բանակի վրա։ Ասֆալտապատում ու փողոցների, այգիների բարեկարգումը կարելի է անել ամիսներ հետո, իսկ առաջնագծի պաշտպանությունը առաջին անհրաժեշտության խնդիր է։

Ծանր ժամանակները մեր տարածաշրջանում նոր թափ են հավաքում, ու մենք պիտի պատրաստ լինենք դիմակայել ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական մարտահրավերներին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ