15 07 2022

Նկատել եմ ճիշտ հակառակը՝ Փափազյանը սրբորեն պաշտպանում է պետական խորհրդանիշերը. Գևորգ Դանիելյան

Նկատել եմ ճիշտ հակառակը՝ Փափազյանը սրբորեն պաշտպանում է պետական խորհրդանիշերը. Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը, անդրադարձել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելուն:

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Մուրադ Փափազյանին «անցանկալի անձ» ճանաչելու միակ հիմքը կարող էր լինել պետական անվտանգությանը իբր վնաս պատճառելու վերաբերյալ հավաստի տվյալը։

Ֆրանսիայում միանշանակ բարի համբավ և անձամբ Նախագահի կողմից բազմիցս ընդունելության արժանացած մարդու պարագայում ուղղակի հավատ չի ներշնչում, որ կան այդպիսի վարկաբեկիչ հավաստի տվյալներ։ Ինչևէ, դա պետական գաղտնիք է, և մեր դատողությունները կարող են սահմանափակվել միայն հայ գործիչի հրապարակային գործունեությամբ։

Եվ ահա հապճեպ ի հայտ եկան մի շարք «մամլո խոսնակներ», որոնք ոչ միայն չկարողացան թաքցնել իբր թե իրենց հիացմունքը, այլև դրսևորեցին անհասկանալի իրազեկվածություն՝ կարծես իրենց համար պետական գաղտնիքը հասանելի է։ Ըստ այդ դեմքերի՝ Փափազյանը, մասնավորապես, նսեմացրել է պետական խորհրդանիշերը։ Ըստ Սահմանադրության 21-րդ հոդվածի՝ Հայաստանի խորհրդանիշերն են՝ դրոշը, զինանշանը և օրհներգը։

Որքանով ծանոթ եմ Փափազյանի հրապարակային գործունեությանը, նկատել եմ ճիշտ հակառակը՝ սրբորեն պաշտպանում է հիշյալ խորհրդանիշերը։

Ուստի առաջարկում եմ նույն կերպ հրապարակեք խորհրդանիշերը նսեմացնելու կամ այդպիսի փորձի գեթ մեկ փաստ, որը դրվել է իրավասու մարմնի որոշման հիմքում։ Թերևս, դուք դա կարող եք անել՝ կարծես իրազեկվածության խնդիր չունեք։ Կրկնում եմ՝ խոսքը Հայաստանի խորհրդանիշերի, այլ ոչ թե կուռքերի մասին է ...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ