Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 7-ի նիստում 5-րդ հարցով որոշեց պետբյուջեից ավելի քան 4 մլրդ դրամ դուրս գրել՝ ֆինանսնաերի նախարարության սխալ որոշման հետևանքները մաքրելու համար։
Այսպես, Ֆինանսների նախարարի՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 350-Ա հրամանով, «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին 2014 թվականի հունվարի 1-ին տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում։ Խոսքը Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի լա» խաղատան մասին է։
Խաղատունը վիճարկում է որոշումը դատական կարգով և դատական երկու ատնյաններում հաղթում է, իսկ վճռաբեկ դատարանը հրաժարվում է վարույթ ընդունել ֆիննախի բողոքը։ Դատական քաշքշուքի ընթացքում՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2022թ․ մայիսի 18՝ դատական ակտը ուժի մեջ մտնելու օրը, կուտակվում է հարկային պարտավորություններ, որը կազմում է արդեն 4,162,812,500 (չորս միլիարդ մեկ հարյուր վաթսուներկու միլիոն ութ հարյուր տասներկու հազար հինգ հարյուր) դրամ։
Կառավարությունը որոշում է արտոնություն սահմանել և այդ գումարը վճարի պետությունը։ Բայց կառավարությունը պայման է առաջ բերում, որ պետք է ընկերությունը փոխհատուցման պահանջով հանդես չգա։ Չնայած 10 մլն դոլարի հատկացմանը, կառավարությունն այսպես ավելի «Էժան է պրծնում», որովհետև եթե Գագիկ Ծառուկյանը որոշի փոխհատուցում պահանջել, դա կլինի տասնապատիկ և գուցե ավելի։ Նշենք, որ այս ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատուներից էր, որը, փաստացի, մեկուկես տարի զրկված է եղել եկամուտներից, պետբյուջեն՝ հարկերից, բազմաթիվ քաղաքացիներ՝ աշխատանքից։ Եվ այս ամենը ֆինանսների նախարարի մեկ սխալ որոշման պատճառով։
Բանն այն է, որ 2021 թվականի փռետրվարի 15-ին արդեն առաջին ատյանի դատարանը կայացրել էր որոշում, և եթե ֆինանսների նախարարութունը բավականաչափ ողջամիտ գտնվեր, դրանից հետո ևս 1 տարի և երեք ամիս չէր ծախսի բողոքարկումներ վրա, այդ ընթացքում պետտուրքը չէր կուտակվի։
Ո՞վ էր ապօրինի որոշում կայացնելու արդյունքում պետությանը վնաս պատճառած ֆինանսների նախարարը․ Ատոմ Ջանջուղազյանը։ Միգուցե նրան հրահանգվել էր քաղաքական նկատառումներով որոշում կայացնել, որը պետբյուջե վրա ծախս ու չստացված եկամուտներ էր լինելու։ Միգուցե Ջանջուղազյանը դրա մասին ենթադրել է, հայտնել․ բայց փաստացի ունենք այս վիճակը։
Ի դեպ, կառավարությունը 10 մլն դոլար արժեցող այս որոշումը ընդունեց անգամ առանց զեկուցելու, հավանաբար՝ որպեսզի հանրությանը պատշաճ չներկայացվի այս դուրսգրումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը