7or.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցեց «Ապագա կա՛» կարգախոսով, որը օրուելյան ոճի էր, քանզի կսազեր միայն «Անասնաֆերմայի» հերոսներին:
Նիկոլի «Ապագա կա՛»-ն երեք բաղադրիչ ուներ՝
1.խաղաղության դարաշրջան,
2.թալանի դեմ պայքար,
3.լավ կյանքի ապահովում:
Սկսենք վերջին կետից:
Նիկոլը լավ կյանքը խոստանում էր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելով ու պղնձաձուլարան կառուցելով:
Նիկոլի ասածն այն էր, որ պետք է բավարարել մեր թշնամի հարևանների ուզածները, սահմանները բացել, ճանապարհները բացել ու լավ ապրել: Դե իսկ պղնձաձուլարանն էլ որպես բոնուս (սրա մասին հիմա «մոռացել» են):
Իրականությունն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը, Շուշիում կնքած հակահայկական հռչակագրի շրջանակներում, աշխատում են Հայաստանի ու Արցախի դեմ: Եթե նրանց պահանջներն ու պայմանները բավարարվեն, ապա ոչ թե կյանքը կլավանա, այլ զոհասեղանին կհայտնվեն Հայաստանն ու Արցախը: Հիմա մենք այդ գործընթացի ականատեսն ենք:
Լավ կյանքի մասով ՀՀ հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները ստացել են գների աճ, աղքատության ավելացում ու խոր անորոշություն: Տարադրամային քաղաքականության արդյունքում քաղաքացիները թալանվում են, տուժում է արտահանումը, ավելի քիչ ապրանք ու ծառայություն են կարողանում ձեռք բերել դրսի տրանսֆերներով ապրող հարյուր հազարավոր քաղաքացիներ:
Քաղաքացին թալանվում է տարբեր ձևերով: Եվ սա մուրճը ձեռքին թալանի դեմ պայքարի խոստում տված Նիկոլի իշխանության օրոք: Շարքային քաղաքացիներն աղքատանում են Նիկոլի շրջապատի կտրուկ հարստացման պայմաններում: Ստացվում է, որ երբ Նիկոլն ասում էր «Ապագա կա՛» նկատի ուներ իր «կռուգի» լավ ապագան ու մյուսների դժբախտ ու դժգույն ապագան: Իսկ երբ մուրճ էր ճոճում, ճոճում էր այն իր ընտրողների գլխին իջեցնելու հեռանկարով: Նրա բոլոր ասածները միշտ հակառակ նշանով են կատարվել:
Ինչ մնում է խաղաղությանը, ապա Նիկոլն արդեն խոսում, ավելի ճիշտ՝ վախեցնում է նոր պատերազմով, որպեսզի արդարացնի իր զիջածներն ու զիջելիքը:
Եթե մի պահ ընդունենք, որ Նիկոլն իրոք սացել է 680 հազար քվե, ապա նա ու իր թիմն այլևս լեգիտիմ չեն, քանզի բոլոր կետերով խաբել են իրենց հավատացողներին:
Ոչ լեգիտիմության հարցը քաղաքականության մեջ առաջացնում է վակում: Թե ինչպես և ում միջոցով կլցվի վակումը, արդեն այլ խոսակցության թեմա է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը