Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
««Հուսով ենք, որ Հայաստանից շատ ժամանակ չի պահանջվի՝ գիտակցելու «արդեն իրականություն դարձած» «Զանգեզուրի միջանցքի» գործունեության արդյունավետությունը…»:
Սա մեջբերում է Ադրբեջանի ԱԳՆ այսօրվա հայտարարությունից` ի պատասխան Նիկոլի երեկվա ասուլիսում արված որոշ հայտարարությունների:
Ի՞նչ է սա: Ի՞նչ է նշանակում «...արդեն իրականություն դարձած Զանգեզուրի միջանցք» հասկացությունը:
Եթե ի նկատի ունենանք, որ պաշտոնական Բաքուն արդեն սկսել է մերձկասպյան, միջինասիական տարածաշրջանների և Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա տանող երկրների հետ միջազգային բեռնափոխադրումների քննարկումը, ապա կարելի է եզրակացնել, որ Նիկոլը, հայ ժողովրդի թիկունքում հերթական դավադիր պայմանավորվածություններն է ձեռք բերել: Ընդ որում` ոչ միայն Ադրբեջանի հետ: Այլապես թուրքերը վստահ չէին լինի այդ հարցում, և չէին սկսի այլ երկրների հետ բանակցությունները:
Այդ դեպքում, ու՞մ են պետք երեկվա ասուլիսում Նիկոլի կոկորդիլոսի արցունքները: Ու՞մ են պետք պատերազմով սեփական ժողովրդին վախեցնելու հերթական շանտաժները:
Թուրք-ադրբեջանական տանդեմն ու մեր կապիտուլյանտը վաղուց արդեն վճռել են Հայաստանի ճակատագիրը: Իսկ Նիկոլին պահում են, որպեսզի իրականացնի Հայաստանի ազգային շահերի դեմ պլանավորված այդ ծրագիրը, ներսում ճնշի ընդդիմության դիմադրություններն ու ապահովի հայ ժողովրդին մանր-մունր հարցերով շեղելու գործը:
2018թ-ից խաբված հայ ժողովուրդն էլ սպասում է, թե կարող է մի «լավ բան» լինի: Ոչ մի լավ բան Նիկոլի վարչապետությամբ չի´ լինելու:
Ընդդիմությանը լսել և աջակցել է պետք: Սա է այսօր միակ ճշմարիտ ուղին: Մնացածը` ժամանակը ցույց կտա, որ պետությունը պահում են, որպեսզի պետությունն էլ քեզ պահի: Այլապես` դատապարտված ես կատարել օտարի կամքն ու պահանջները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը