ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հոդվածը՝««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ծանոթանալով ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, տեղեկանք-հիմնավորմանը և ամփոփաթերթին՝ որոշեցի ներկայացնել նկատառումներս՝ չնայած նրան, որ ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում և Ազգային ժողով մուտքագրված տարբերակներում առկա են մեծածավալ փոփոխություններ, որոնք Կառավարության նիստի ընթացքում չեն քննարկվել։
Անհստակությունը պահպանվում է
Առաջին խնդիրն այն է, որ առաջարկվող փոփոխություններով շարունակվում է պահպանվել զինված ուժերի ղեկավարման անհստակությունը պատերազմական իրավիճակում, երբ, օրինակ, ԱԺ կողմից հայտարարված չէ պատերազմ, բայց հայտարարված է ռազմական դրություն, կամ կառավարության կողմից որոշում է կայացված զինված ուժերի կիրառման վերաբերյալ՝ զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու միջոցով կամ այլ եղանակով:
Ստացվում է, որ խաղաղ պայմաններում նախարարը հիմնական պատասխանատվություն է կրում պատերազմին նախապատրաստվելու համար, իսկ վճռական պահին դուրս է մղվում ռազմական հրամանատրման շղթայից, և դա այն դեպքում, երբ առաջարկվող կարգավորումներով լիազորված է ԶՈՒ կիրառման պլանի համակարգման համար։
Հստակեցման կարիք ունի նաև «Պաշտպանության մասին» փոփոխվող օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը («Պաշտպանության նախարարը համակարգում է զինված ուժերի կիրառման գործընթացը»): Ի՞նչ է նշանակում «համակարգում է» եւ արդյո՞ք նշված լիազորությունը իրականացվելու է եւ՛ պատերազմի չհայտարարման, եւ՛ ռազմական դրության հայտարարման դեպքում, երբ որոշում է կայացված ԶՈՒ կիրառման վերաբերյալ:
Պետք է հստակեցնել վարչապետի գործառույթը
Պետք է հստակեցնել նաև ռազմական դրության հայտարարման եւ պատերազմի չհայտարարման ժամանակ զինված ուժերի կիրառման մասով ՀՀ վարչապետի գործառույթը: Արդյո՞ք վերոհիշյալ իրավիճակը նույնական է ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածով նախատեսված «պատերազմի ժամանակ» հասկացությանը բնորոշ իրավիճակի հետ և արդյո՞ք փաստացի կարելի է գտնվել պատերազմի մեջ առանց դրա հայտարարման:
Հաջորդ խնդիրն այն է, որ անհասկանալի է՝ գլխավոր շտաբի պետին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելով՝ ի՞նչ հարց է լուծվում, եթե «Կառավարչական իրաավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքում արվում են բացառություններ:
Նոր «տիտղոոսի» շնորհում ԳՇ պետին
Գլխավոր շտաբի պետի՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ հանդիսանալու մասին կարգավորումը ուներ շատ պարզ հիմնական նպատակ՝ ԳՇ պետի հրամանների կատարումը կառավարչական իրավահարաբերությունների առումով ՊՆ կառուցվածքային ստորաբաժանումների համար պարտադիր դարձնելը: Օրինակ՝ նախարարության պաշտպանական քաղաքականության, իրավաբանական, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի կամ ֆինանսական վարչության համար, որն առնվազն կգնահատվեր քաղաքացիական վերահսկողության իրականացման կոպիտ խախտում, որը արդարացիորեն նկատվել է Արդարադատության նախարարության կողմից եւ շտկվել է՝ բացառություններ սահմանելով մի շարք օրենքներում, ինչով որ վերոհիշյալ փոփոխությունը դարձել է զուտ ԳՇ պետին՝ որպես անմիջական հրամանատար, նոր «տիտղոոսի» շնորհում, որը ոչ մի կերպ չի բարձրացնում ԶՈՒ մարտունակությունը և մոլորության մեջ է գցելու և՛ զինծառայողներին, և՛ քաղաքացիական ծառայողներին, և՛ հանրությանը։ Փաստորեն ունենալու ենք պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ առանց ՊՆ ստորաբաժանումների վրա կառավարման լիազորությունների:
Նախագծով առաջարկվող կարգավորումը՝ գլխավոր շտաբի պետի՝ ի պաշտոնե պաշտպանության նախարարի առաջին տեղակալ հանդիսանալու մասին, որը ներկայացվում է որպես ղեկավարման ուղղահայացի բարելավում կամ ԶՈՒ ղեկավարման արդյունավետության բարձրացում, առնվազն պետք է իր արտահայտությունն ունենար նույն օրենքի 16-րդ հոդվածում (Զինված ուժերի ղեկավարումը), որը փոփոխության չի ենթարկվում: Դրանով իսկ ԳՇ պետի ի պաշտոնե նշանակումը որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ եւ բարձրաստիճան զինվորականների նշանակումը տեղակալ պաշտոններին ոչ թե բարեփոխում է, այլ փոխակերպում, քանի որ այն հանդիսանում է վերադարձ մինչ 2008թ. գործող ժամանակաշրջանի համակարգին: 2007-2008թթ. իրականացված բարեփոխումների գլխավոր նպատակներից մեկը զինվորական գործառույթները զինվորականներին ոչ բնորոշ գործառույթներից տարանջատելն էր՝ գլխավոր շտաբը կենտրոնացնելով մարտական պատրաստության և մարտունակության ամրապնդման վրա՝ միաժամանակ հեռու պահելով զինվորականներին քաղաքական վայրիվերումներից, իրականացնելով գերագույն հրամանատարի (քաղաքացիական անձ) և պաշտպանության նախարարի (որպես կառավարության անդամ) կողմից քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ, միևնույն ժամանակ բացառելով վերոհիշյալ զինվորականներին ոչ բնորոշ գործառույթներն իրականացնող պաշտոնյաների կողմից ուսադիրներ կրելը և ԶՈւ ծառայողների համար նախատեսված արտոնություններից օգտվելը: Իսկ զինվորականներին ոչ բնորոշ գործառույթներն էին պաշտպանական քաղաքականության, ֆինանսական, սոցիալական, տեղեկատվական, իրավական, կադրային, նյութատեխնիկական ապահովման (չշփոթել թիկունքային ապահովման հետ) գործառույթները և գնումների գործընթացը, որի նպատակով ձևավորվեց նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը:
Անհրաժեշտ է Սահմանադրությամբ անցում կատարել
Եթե որպես օրինակ վերցվել է որոշակի պետության պաշտպանության նախարարության մոդելը, ապա, կարծում եմ, այդ դեպքում անհրաժեշտ է ՀՀ Սահմանադրությամբ անցում կատարել նախագահական կառավարման համակարգի և պետության գլխին կարգել որպես գերագույն հրամանատար և չսահմանափակվել այդ լիազորությամբ միայն պատերազմի ժամանակաշրջանով, այլև խաղաղ ժամանակաշրջանով՝ հեռացնելով Սահմանադրությունից պատերազմի ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ենթարկեցումը գերագույն հրամանատարին։
Մյուս խնդիրն այն է, որ «պաշտպանական պատվեր» հասկացությունը պետք է ներկայացվի օրենքի հիմնական հասկացությունների շարքում, պարզաբանվի, թե դա ինչ փաստաթուղթ է և որ լիազոր մարմինն է նախագծում և ներկայացնում այն Կառավարության հաստատմանը:
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսված օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի բ/ կետն իր տեղում չէ (Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության քաղաքականությունը, այդ թվում՝ զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառում որոշումներ է կայացնում զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու միջոցով կամ այլ եղանակով զինված ուժերի կիրառման մասին), քանի որ ԶՈՒ կիրառումը չի վերաբերում միայն զորահավաքային նախապատրաստմանը և զորահավաքի բնագավառին: Ըստ իս՝ այն անհրաժեշտ է առանձին կետով սահմանել:
Օրենքից դուրս է մնացել
Օրենքից դուրս է մնացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչ անցկացնելու վերաբերյալ որոշում կայացնելու Կառավարության լիազորությունը։ Չեմ կարծում, որ այդ կարևոր և հանրային ուշադրության տակ գտնվող միջոցառման վերաբերյալ որոշման կայացումը պետք է դիտարկվի Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ որպես «այլ լիազորություն»։
Գտնում եմ, որ անհրաժեշտ է Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «ազգային շահերի պաշտպանությունից և/կամ» բառերով, քանի որ հնարավոր է ռազմական գործողություններին մասնակից դառնալ ոչ միայն միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում, այլ նաև ազգային շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը