ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը տպավորություն ստեղծեց, որ Հայաստանում արդարադատությունն իրականացվում է ոչ թե դատարանում, այլ՝ «հացի սեղանի շուրջ»:
«ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կասեցված լիազորությունները դադարեցվեցին, և սա հետաքրքիր զուգադիպությամբ համընկավ Ռուբեն Վարդազարյանի կողմից Գագիկ Ջհանգիրյանի հետ զրույցի հայտնի ձայնագրության հրապարակման հետ։
Այս փաստը և, առհասարակ, ձայնագրության բովանդակությունը խիստ մտահոգիչ է։
Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությունը միայն քրեական հետապնդման գործընթացում ապօրինի միջամտության տարրեր չէ, որ պարունակում է: Ձայնագրությունը ՀՀ քաղաքացիների և, առհասարակ, բոլորի մոտ տպավորություն ստեղծեց, որ Հայաստանում արդարադատությունն իրականացվում է ոչ թե դատարանում, այլ՝ «հացի սեղանի շուրջ», և նման «դատավարության» լեզուն էլ ոչ թե հայերենն է, այլ քրեական ենթամշակույթին հարիր ժարգոնը` համեմված տարբեր անձանց հասցեին հնչող հայհոյանքներով:
Իհարկե, դժվար է ասել, թե այս երկու հանգամանքներից ժողովրդավարության ուղին բռնած հասարակության համար որն է ավելի վտանգավոր», - Facebook-յան իր էջում գրել է ընդդիմադիր պատգամավորը:
Ըստ Թովմասյանի՝ այս իրավիճակում ցանկացած քիչ թե շատ ժողովրդավարական պետության պատկան մարմինների համար սուրբ պարտականություն պետք է լիներ ոչ միայն քրեական արդարադատության միջամտությանը վերաբերող գործի բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննությունն ու մեղավորներին պատժելը, այլ նաև հասարակության մոտ այն համոզման արմատավորումը, որ արդարադատության իրականացումը, ինչպես դա պահանջում է ՀՀ Սահմանադրությունը, իրականացվում է միայն դատարանում, այլ ոչ թե «հացի սեղանի շուրջ» կամ օրենսդրությամբ չնախատեսված այլ վայրում:
«Միջազգային կառույցներին եմ ուղարկելու ձայնագրության սղագրությունը և գործընկերներիցս գնահատականներ եմ խնդրելու այն մասին, թե ինչպես կարող է իրեն ժողովրդավար հռչակած երկրում Բարձրագույն դատական խորհուրդը միջամտել որևէ մեկի քրեական գործին, քաղաքական նկատառումներից ելնելով սպառնալ վերջինիս, և այս ամենի նպատակը լինի բացառապես քաղաքական իշխանության պահպանումը:
Որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ ուշադրությամբ հետևելու եմ այս գործի քննությանը: Արդար դատաքննության իրավունքը ոչ միայն պետք է երաշխավորվի գործնականում, այլ նաև այն պետք է տեսանելի լինի հասարակության համար», - ընդգծել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը