17 06 2022

Փաշինյանի հեղափոխությունն արդեն իրենց թիմի բուրժուական կայֆերն է սպասարկու՞մ․ Zham.am

Փաշինյանի հեղափոխությունն արդեն իրենց թիմի բուրժուական կայֆերն է սպասարկու՞մ․ Zham.am

Zham.am-ը գրում է․

«Ինչպես հայտնի է, ցանկացած հեղափոխություն գոնե իր հաղթանակից հետո մի տևական ժամանակ իր բազային թեզերին բացահայտ չի դավաճանում: Քանզի դրանից հետո կարող է հետևյալ հարցադրումն առաջանալ՝ բա ի՞նչ նպատակ էր հետապնդում այդ հեղափոխությունը: Օրինակ, 1917-ի բոլշևիկյան հեղափոխությունից հետո, գոնե իր առաջին տասնամյակում չինովնիկներն իրենց չէին կարող թույլ տալ նախկին ռեժիմի բուրժուական կայֆերը: Բոլշևիկյան ռեժիմը հասկանում էր, որ դրա արդյունքում կարող էր վարկաբեկվել բուն հեղափոխության իմաստը:

1988-ի հայկական հեղափության գլխավոր կարգախոսը «Ղարաբաղը մերն է» թեզն էր: Հայ հեղափոխականները կարող էին փոփոխել իրենց նախկին տեսակետները, բացառությամբ այդ գլխավոր թեզի: Եվ զարմանալի չէ, որ երբ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, ՀՀ առաջին նախագահը ղարաբաղյան խնդրի լուծման փուլային տարբերակն առաջարկեց, կարճ ժամանակ անց կորցրեց իր իշխանությունը:

Փաշինյանական հեղափոխության գրեթե բոլոր թեզերը այսօր փլուզվել են: Նա 2018-ին պահանջում էր «...Ղարաբաղը դառնա բանակցային կողմ...», այսօր առանց ամոթի նշում է, որ կարելի է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը:

Այս հարցում Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, դաժան ձևով խաբել է հանրությանը: Սակայն ոչ պակաս խաբեություն է նաև նախկին վատ բարքերի վերացման հարցում: Օրինակ, երբ նախկին չինովնիկներն իրենց բուրժուական կայֆերը բավարարելով էին զբաղվում Հայաստանից դուրս, այն ժամանակվա «ժողովրդավարական քննադատ» Փաշինյանը փրփուռը բերանին դատափետում էր այդ երևույթը: Թվում էր, թե գոնե այս հարցում նա պիտի հանրությանը ցույց տար, որ իր կառավարման ընթացքում բան է փոխվել: Սակայն, ավաղ, ոչ: Ալեն Սիմոնյանի, Փաշինյանի աներձագի բուրժուական կայֆերի մասին հունական կղզիներում արդեն շատ է խոսվել: Իսկ, ահա, վերջերս նման երևութի ականատես եղանք, երբ հայտնի դարձավ, որ մոտ քսան օր առաջ ՊԵԿ-ի նախագահ Ռուստամ Բադասյանը մեկնել է Եվրոպա «Լիվերպուլ-Ռեալ» շատ թանկարժեք խաղը դիտելու համար:

Թերթերը գրում էին, որ այդ խաղի տոմսի արժեքը հասնում էր մինչև 7000 դոլար:

Իսկ այն հարցադրմանը, թե ում հաշվին և ինչ արժեքով էր գնել Ռուստամ Բադասյանը այդ տոմսերը, պատասխան էր ստացվել, թե իբր նա  «...տոմսերը գնել էր ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով...»: Ավելին, պարզվում է, որ հենց ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիրան էր առաջարկել պարոն Բադասյանին մեկնել Անգլիա՝ դիտելու այդ խաղը:

Այն ժամանակվա «ժողովրդավար» Փաշինյանը, այսօրվա վարչապետ Փաշինյանին կարող էր հետևյալ հարցադրումն անել՝ «չես ամաչում, Նիկոլ, որ նախկին վատ բարքերը, որի մասին այդքան խոսում էիր, այսօր դու ես խրախուսում»: Ինչու՞ է ֆուտբոլի ֆեդերացիան հենց ՊԵԿ-ի նախագահին հրավիրում Անգլիա, այլ ոչ թե այն մյուս, շարքային 3 մլն հասարակ վարչապետերից մեկին:

Թե զարմանալիորեն, այդ երեք միլիոնից  «Փաշինյանի ընտրյալները» պիտի մեկնեն Անգլիա ֆուտբոլ դիտելու, կամ հունական Միկոնոս կղզիներում հանգստանալ:

Այս ամենից հետո, ի՞նչ երեսով է Փաշինյանը հանդես գալիս ԱԺ ամբիոնից և ինչ-որ նախադասություններ ասում:

Քանի՞ մարդ է մնացել Հայաստանում, որ կարող է հավատալ Փաշինյանին այս ամենից հետո:

Եվ վերջապես ե՞րբ է վերջապես վերանալու անամոթության մթնոլորտը մեր երկրում: Քանզի, եթե այդ մթնոլորտը չվերանա, ապա կարող է վերանա Հայաստանը, քանի որ նման բարքերով երկիրը ոչ մեկին պետք չէ, այն էլ այսպիսի բարդ աշխարհագրական տարածաշրջանում, որտեղ ցանկացած վրիպում, լինի դա արտաքին ոլորտում, թե ներքին կյանքում դաժանորեն պատժվում է մեր հակառակորդների կողմից:

Սա է իրականությունը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ