16 06 2022

Համբարձում Մաթևոսյանը Աննա Հակոբյանի ոսկե ձկնի՞կն է. Hraparak.am

Համբարձում Մաթևոսյանը Աննա Հակոբյանի ոսկե ձկնի՞կն է. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի կամոք փոխվարչապետի աթոռին նստող Համբարձում Մաթեւոսյանը հունիսի 9-ին որոշել է (9 Հունիսի 2022, որոշում 403- Ա) բարեգործական որակել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի 148,22 միլիոն դրամ արժողությամբ «Քվանտա» մագիստրոսական կրթություն» ծրագիրը: Սա նշանակում է, որ Աննա Հակոբյանն օգտվելու է «Բարեգործության մասին» օրենքի 16-րդ հոդվածից եւ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններ է ստանալու: Աննա Հակոբյանը հավակնոտ նպատակ է սահմանել. Հայաստանում ձեւավորել քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի եւ տեխնոլոգիաների զարգացման մշակույթ եւ Հայաստանը վերածել տարածաշրջանային գիտակրթական կենտրոնի, պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են իրականացնել գիտահետազոտական աշխատանք, հիմնել նորարարական ընկերություններ, որոնք հետագայում հնարավոր կլինի վերածել հայրենական տեխնոլոգիական ընկերությունների:

Մինչ մագիստրատուրայի ընդունելության մեկնարկը ծրագրի հավանական մասնակիցներին վերհանելու նպատակով կազմակերպվելու է օլիմպիադա, գիտաժողով, ամառային դպրոց, որտեղ ուսանողները կունկնդրեն ինտերակտիվ դասախոսություններ: Ծրագիրը 2022 հունիսից մինչեւ 2024-ի հունիս է իրականացվելու:

Համբարձում Մաթեւոսյանը դարձյալ բացառություն է արել Աննա Հակոբյանին: «Քվանտա» ծրագրում նշված չէ, թե քանի մարդ է ներգրավվելու, սա չի խանգարել, որ Աննա Հակոբյանը գրի, թե տպագրական ծառայությունների (դիպլոմներ, պայուսակներ, գլխարկներ, շապիկներ, կրծքանշաններ) եւ գրենական պիտույքների վրա ծախսելու է 2,6 միլիոն դրամ, իսկ հյուրանոցային ծառայությունների վրա՝ 11,5 միլիոն: Եթե չգիտես, քանի մարդ է քո ամառային դպրոցին մասնակցելու, ինչպե՞ս ես որոշում, թե քանի գրիչ կամ կրծքանշան գնես, հյուրանոցի քանի համար պատվիրես: Համբարձում Մաթեւոսյանը որոշել է, որ Աննա Հակոբյանը պետք է եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնի: Նախ հայտնի է, որ Աննա Հակոբյանը մշտապես կիսատ-պռատ հաշվետվություններ է կազմում կամ ընդհանրապես  չի ասում իր ծախսերի մասին՝ դոնորների ցանկն էլ երբեմն չի գաղտնազերծում: Եթե այս անգամ ասի, ինչպե՞ս են ստուգելու: Եթե չի ասել՝ քանի հոգի է մասնակցելու ծրագրին, ո՞նց են ստուգելու հետո ներկայացված թվերի հավատիությունը:

Վերջին մեկ ամսում, սա Աննա Հակոբյանին «քաղցր աչքով մտիկ անելու»՝ անորոշ տվյալներով ու միլիոնների հասնող բյուջեով ծրագիր հաստատելու արդեն երկրորդ դեպքն է: Առաջինը մայիսի 17-ին էր՝ Վարչապետի տիկինը խոստացել է Շիրակի մարզում բնակվող, 44-օրյա պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար մասնագիտական կողմնորոշման ճամբար, վերապատրաստումներ կազմակերպել, ծախսել 39,02 միլիոն դրամ: Բայց ինչպես եւ «Քվանտա» ծրագիրը, նշված չէ, թե քանի հոգի է մասնակցելու ծրագրին: 

Կրկին արձանագրենք, որ Համբարձում Մաթեւոսյանը այլ կազմակերպությունների ծրագրերը բարեգործական է որակում բացառապես հստակ թվերի դեպքում՝ այսքան շահառու, այսքան սնունդ կամ այսքան բժշկական պարագա եւ այլն: Աննա Հակոբյանը միակն է, ում համար Համբարձում Մաթեւոսյանը կայացնում է նման որոշումներ: Համբարձում Մաթեւոսյանը գուցե Աննա Հակոբյանի ոսկե ձկնի՞կն է»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ