02 06 2022

Փաշինյանը չի ցանկացել հանդիպել Փարիզի քաղաքապետի հետ, որպեսզի խնդիրներ չունենա Ալիևի հետ․ Մուրադ Փափազյան․ «Փաստինֆո»

Փաշինյանը չի ցանկացել հանդիպել Փարիզի քաղաքապետի հետ, որպեսզի խնդիրներ չունենա Ալիևի հետ․ Մուրադ Փափազյան․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ընդունել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին, թեեւ այն ի սկզբանե ամրագրված է եղել պաշտոնական օրակարգում։ Ավելին՝ Փաշինյանի աշխատակազմը որևէ կերպ չի մեկնաբանել բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպումը չեղարկելու պատճառները։ «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին ասել է Ֆրանսիայի հայկական ընկերությունների խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, ով այս օրերին ուղեկցում է Հայաստանում գտնվող Փարիզի քաղաքապետին։

Մուրադ Փափազյանը մանրամասնել է՝ ՀՀ վարչապետի և Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումը նախապես հստակ կերպով ծրագրավորված և համաձայնեցված է եղել։ Այն պաշտոնական այցի ծրագրի մի մասն էր և պետք է կայանար շաբաթ օրը՝ մայիսի 28-ին, ժամը 18-ին, որից հետո, ժամը 18:30 նախատեսված է եղել նաև պաշտոնական ընթրիք։ Թե ինչո՞ւ հանդիպումը չի կայացել, Մուրադ Փափազյանը հստակ պատասխան չունի։ Ասում է՝ վարչապետի աշխատակազմից, նույնպես, հստակ կերպով չեն մեկնաբանել, թե նախապես պլանավորված պաշտոնական հանդիպումն ինչո՞ւ է ձախողվել և չի կայացել։ Սակայն ինքը, պարոն Մուրադ Փափազյանը հարցի շուրջ ունի սեփական մեկնաբանությունը։ Վարկածները, ըստ վերջինիս, երկուսն են. «Մայիսի 27-ին Փարիզի քաղաքապետը Գորիսում հանդիպեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որից հետո, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Ադրբեջանում հրավիրել են Ֆրանսիայի դեսպանին և դժգոհության նոտա հղել Ֆրանսիայի կառավարությանն, առ այն, որ Ֆրանսիայի քաղաքապետն իրավունք չի ունեցել հանդիպելու չճանաչված երկրի իշխանություն չունեցող նախագահի հետ։ Ինձ մոտ տպավորություն է, որ Փաշինյանը չի ցանկացել հանդիպել Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Փարիզի քաղաքապետի հետ, որպեսզի խնդիրներ չունենա Ալիևի հետ»,- ասել է Մուրադ Փափազյանը։


Պաշտոնական հանդիպումն այսպես անպատասխանատու կերպով չեղարկելու երկրորդ վարկածը, ըստ Փափազյանի, կարող է կապված լինել նաև Զարեհ Սինանյանի՝ Փարիզ կատարած վերջին ձախողված այցի հետ, որտեղ վերջինս մերժվել է տեղի՝ գրեթե բոլոր լուրջ և ավանդական կազմակերպությունների կողմից։ Մուրադ Փափազյանը չի բացառում, որ Փաշինյան – Սինանյան փոխհամաձայնության արդյունքում, կարող էր պայմանավորվածություն ձեռք բերվել՝ այս կերպ պատասխանելու Սինանյանի փարիզյան խայտառակ ձախողմանը, ինչը, սակայն, Մուրադ Փափազյանը որակում է որպես Հայաստանի Հանրապետության հեղինակության հաշվին կատարված անփույթ և էժանագին ժեստ։

Ամփոփելով զրույցը՝ Մուրադ Փափազյանը նկատել է՝ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն վարչապետ Փաշինյանի հետ ձախողված հանդիպման փաստն ընդունել է շատ հանգիստ, առանց որևէ խնդիրների.«Անն Իդալգոն միջադեպի առնչությամբ չցանկացավ որևէ խնդիր ստեղծել, որովհետև Փարիզի քաղաքապետի համար այդ հանդիպումը կարևոր չէր։ Նրա համար, թերևս, ամենակարևոր հանդիպումն, արդեն իսկ, կայացել էր՝ Գորիսում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև՝ Արցախի իշխանությունների հետ, այսպիսով՝ Փարիզ քաղաքի զորակցությունը հայտնելով Արցախին, Արցախի իշխանություններին և ժողովրդին։ Ի վերջո, եթե Հայաստանի վարչապետն առանց որևէ բացատրությունների ձախողում է Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումը, ապա անկասկած, միայն ինքն է կորցնում։ Տիկին Իդալգոն կորցնելու ոչինչ չունի, որովհետև Փարիզի քաղաքապետ լինելն, արդեն իսկ, մեծ պատիվ է, իսկ նրա հետ ձախողված հանդիպումը՝ կորուստ է Հայաստանի Հանրապետության հեղինակության համար։ Ինչ խոսք, այս միջադեպը որևէ կերպ չի կարող անդրադառնալ հայ – ֆրանսիական հարաբերությունների վրա, որովհետև, անկախ նրանից, թե ով է Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի հետ Ֆրանսիան ջերմ բարեկամական կապեր ունի, իսկ այդ որակի հարաբերությունները դժվար է նմանօրինակ միջադեպերի առիթով վտանգի ենթարկել»,- ասել է Ֆրանսիայի հայկական ընկերությունների խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ