22 05 2022

Փաշինյանն է հրահրել այս պարտվողական պատերազմը՝ ազատվելու Արցախի «բեռից»․ Շավարշ Քոչարյան



Ուշագրավ է Փաշինյանի՝ Արցախի մասին երբևէ արած իրարամերժ հայտարարությունների համադրումը։ Նախ ասում էր, թե ինքը չի կարող բանակցել Արցախի փոխարեն, քանի որ Արցախն ունի ընտրված, լեգիտիմ իշխանություն, իսկ դա ոչ այլ ինչ է, քան ինքնորոշման իրավունքով դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետությունը ճանաչելը։ Ապա հայտարարում էր, թե Արցախը Հայաստան է, և վերջ, ինչը նշանակում է՝ ընդունել, որ Արցախն ու Հայաստանը մեկ պետություն են, նրանք միավորված են։ Ի վերջո, Փաշինյանը պնդում էր, թե խնդրի կարգավորումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին, դա նշանակում է՝ ջնջել ինքնորոշումն ու միացումը։ Դա էլ բավական չէ, միջնորդներից պարզաբանումներ էր ակնկալում, թե ի՞նչ են հասկանում տարածքային ամբողջականության կամ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների ներքո։ Դրա համար ընդամենը պետք է կարդալ ՄԱԿ-ի կանոնադրությունը կամ այլ միջազգային փաստաթղթեր։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ Շավարշ Քոչարյանը։

«Դու ի՞նչ է, գնում ես սովորելո՞ւ, որ քեզ բացատրե՞ն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ինքնորոշման իրավունքին։ Նման իրարամերժ հայտարարություններով Փաշինյանը տապալեց բանակցային գործընթացը։ Մենք պետք է խորքային կերպով ուսումնասիրենք արտաքին քաղաքականության վեկտորը։ Անկախացած Հայաստանի առջև կար երկու ուղղություն։ Առաջինը բացահայտ ռուսամետն էր, որի արտահայտությունը, օրինակ, Ռուսաստան-Բելառուս միութենական պայմանագրին միանալն էր։ Ժամանակին Հայաստանում կային դրա կողմնակիցներ, նույնիսկ ստորագրահավաք արեցին, բայց Հայաստանը չգնաց այդ ճանապարհով։ Մյուս ուղղությունն արևմտամետն էր, որի համար սկզբնական փուլում կար երկու նախադրյալ։ Առաջինն այն էր, որ Ռուսաստանն ինքը ձգտում էր դեպի Եվրոպա, անգամ չէր բացառում ՆԱՏՕ-ին անդամակցությունը, և ապա՝ Թուրքիան բացահայտ ձգտում էր դեպի եվրաինտեգրում, բարեփոխումներ էր անում, ուզում էր դառնալ ԵՄ անդամ։ Այն ժամանակ դա կարող էր հիմնավորված համարվել, բայց ոչ հիմա»,- ասաց քաղաքական գործիչը։

«Ի՞նչ է ենթադրում արևմտամետ ուղղությունը։ Արևմուտքից, ՆԱՏՕ-ից մշտապես հստակորեն ասել են, որ մեզ չեն կարող անվտանգության երաշխիքներ տրամադրել, և այդ տեսանկյունից ըմբռնումով էին մոտենում մեր և ՌԴ-ի միջև ռազմական համագործակցությանը։ Պատահական չէ, որ Թուրքիայի հետ մեր սահմանին կանգնած են ռուս սահմանապահները, այնտեղ ՌԴ դրոշն է, կա ռուսական ռազմաբազա։ Ակնհայտ էր, որ անվտանգության հարցում Հայաստանում Արևմուտքից որևէ սպասելիք չի կարող լինել։

Դա հիմա առավել ևս ակնհայտ է, երբ վերհիշում ենք Վրաստանի դեպքերը, դա այսօր երևում է նաև Ուկրաինայում։ Արևմտամետ ուղղությունն այդ տեսակետից լուրջ խնդիր է պարունակում, հատկապես որ, մեր տարածաշրջանում Արևմուտքը ներկայացված է դեռևս ՆԱՏՕ-ի անդամ մնացած Թուրքիայով, և միայն Թուրքիայով։ Վրաստանում, որն ակնհայտորեն ձգտում է դեպի ՆԱՏՕ և ԵՄ, որևէ լուրջ արևմտյան ընկերություն, կազմակերպություն, ձեռնարկություն չկա, բոլորը թուրքական են։ Նույնիսկ Վրաստանում Արևմուտքն իր ընկալմամբ Թուրքիան է։ Երբ ՌԴ-ԵՄ հարաբերությունները սառեցին, Պրիմակովը սկսեց բազմավեկտոր աշխարհի գիծը, որտեղ Մոսկվան ուներ իր դերակատարումը՝ Արևմուտքին հակադրվելը, և դեպի Արևմուտք գնալը դարձավ բեռից ազատում»,- նշեց Քոչարյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ նախկին խորհրդային հանրապետությունների համար այդ բեռը հակամարտություններն են, օրինակ՝ Վրաստանի համար դեպի Արևմուտք գնալու գինն Աբխազիայից և Օսիայից ազատվելն է․ «Ինչպե՞ս լուծել այդ խնդիրը՝ պատերազմ, պարտություն, որի արդյունքում ժողովուրդն այլևս չի պահանջում այն հետ բերել և դուրս գալ Ռուսաստանի դեմ, դրանով հարցը փակվում է։ Երբ Սահակաշվիլին նախաձեռնում էր Ցխինվալի ռմբակոծումը, գնում էր գիտակցված սադրանքի, նա միամիտ չէր, որ մտածեր՝ ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը կռվելու են ՌԴ-ի դեմ, բայց ռազմական մարտահրավեր էր նետում հենց Ռուսաստանին, արդյունքը տեսանք՝ բեռից ազատվեց։ Նույն վիճակն էր 2014-ին Ուկրաինայում՝ ի դեմս Ղրիմի։ 2018-ին Հայաստանում ի հայտ եկած իշխանությունը ևս արևմտամետ կուրսի կողմնակից էր և որոշեց ազատվել հակամարտությունից»:

«Փաշինյանի իշխանությունը հրահրեց պատերազմ՝ նախապես իմանալով, որ պարտվելու է՝ ազատվելու Արցախի բեռից։ Մնում է երկրորդ հանգամանքը՝ ռուսական ռազմաբազան։ Վրաստանը նախ ազատվեց ռազմաբազայից, հետո գնաց պատերազմի։ Այս իշխանությունը համարում է, որ գրեթե լուծել է Արցախի խնդիրը, առջևում ռազմաբազայի հարցն է։ Միգուցե կան մարդիկ, որոնք համարում են, որ ռուսական ռազմաբազան պետք է հանվի, բայց Հայաստանի համար դա կործանարար է։ Աբխազիայում աբխազներ են բնակվում, Օսիայում՝ օսեր, իսկ Արցախը մեր պատմական հողն է, այնտեղ հայեր են ապրում, և մենք չենք կարող համեմատվել։ Ի վերջո՝ այս ամենի արդյունքը Հայաստանում Թուրքիայի հայտնվելն ու նրա գերիշխանությունն է»,- ամփոփեց Շավարշ Քոչարյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ