09 04 2022

Պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ԱՄՆ Պետդեպ

Պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ԱՄՆ Պետդեպ

Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի կառուցման հարցում։

Այդ մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից՝ ի պատասխան «Լուրերի» հարցմանն այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ը հանձնառո՞ւ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատին համահունչ՝ Լեռնային Ղարաբաղի համապարփակ կարգավորման գործընթացին: «Լուրերը» հիշեցրել էր, որ նախօրեին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր․ «Մեր, այսպես կոչված, ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները, ռուսաֆոբ մոլագարության մեջ ձգտելով չեղարկել ՌԴ-ի հետ կապված ամեն բան, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ հայտարարելով, որ չեն շփվի մեզ հետ այդ ձևաչափում»։

«Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք ակտիվացնել իրենց դիվանագիտական շփումը և շարունակել օգտվել ուղղակի շփման համար առկա մեխանիզմներից Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ վերջինիս արդյունքում առաջացած խնդիրների համար համապարփակ լուծումներ գտնելու նպատակով և կարգավորել հարաբերությունները խաղաղության համապարփակ համաձայնագրի հասնելու եղանակով»,- նշված է պատասխան նամակում։

Պետքարտուղարությունից հայտնել են. «Միացյալ Նահանգները շարունակում է պատրաստ լինել աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին այս նախաձեռնություններում, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ ՄԽ մեր կարողությունների շրջանակում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ