08 04 2022

Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել ստատուս քվոն․ Արարատ Միրզոյան

Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել ստատուս քվոն․ Արարատ Միրզոյան

Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել ստատուս քվոն և մարտի 23-ի դրությամբ իրավիճակը: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով հարցերին՝ ե՞րբ կարելի է ակնկալել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործունեության ակտիվացում և ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում ռուսական կողմից ադրբեջանական ստորաբաժանումներին Փառուխ գյուղից և հարակից տարածքից իրենց ելման դիրքեր վերադարձնելու, հետագայում նման միջադեպեր բացառելու համար՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ավելի քան 400 մարդ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։

«Ինչպես նշեցի, խաղաղապահ ուժերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստատուս քվոն և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Կրկնում եմ՝ մենք շարունակում ենք հավատալ, որ ստատուս քվոն կվերականգնվի, և ռուսական խաղաղապահ զորախումբը կշարունակի կատարել իր կարևորագույն գործառույթը, կարևորագույն առաքելությունը՝ ապահովելու և երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ապա, իհարկե, աշխարհում ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը զգալիորեն բարդացրել է համանախագահության աշխատանքը: Այնուամենայնիվ, ինձ որոշակի այլ լուրեր են հասնում՝ հաշվի առնելով այն շատ կոնկրետ ազդանշաններն ու տեղեկությունները, որոնք ես ստացել եմ համանախագահներից և բազմաթիվ այլ երկրներից, ես կցանկանայի հաստատել, որ չնայած ադրբեջանցի գործընկերները կրկնում են, որ Մինսկի խմբի նախագահությունը դադարել է գոյություն ունենալ, որ նրանք զբաղվելու հարց չունեն, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն այլևս չկա, Լեռնային Ղարաբաղ անվանմամբ տարածաշրջան այլեւս գոյություն չունի, չնայած այս ամենին, միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության մանդատի շրջանակներում, ինչը պետք է նշեմ, որ շատ հուսադրող է»,- ասել է Միրզոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ