Այո, հանդիպել եմ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, բայց մտահոգություններս չեն փարատվել: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով խորհրդարան-կառավարություն վերջին հարցուպատասխանին, որի ժամանակ նախարարը խոստացել էր ընդդիմադիր պատգամավորին հրավիրել ծանոթանալու Ադրբեջանի կողմից առաջադրված հինգ կետերին հայկական կողմի պատասխանին, որն իշխանությունը համարում է գաղտնի ռեժիմ:
«Հարցուպատասխանից հետո ես փորձել եմ կապ հաստատել Արարատ Միրզոյանի հետ, չի ստացվել՝ պատճառաբանություն է բերվել իր զբաղվածությունը, բայց այսօր արդեն հանդիպել եմ նրա հետ և ինձ ծանոթացրել է այն լրացումներին, որոնք արվել են հայկական կողմից: Ըստ էության` ինչպես Միրզոյանն էր ասում՝ այդ կետերը նաև «Արմենպրես»-ին տված իր հարցազրույցում էր, և ինձ համար շարունակում է անհասկանալի մնալ, թե ինչո՞ւ այն չի հարպարակվում, որպեսզի հանրային քննարկում գնա դրա մասին։ Նաև իշխանությունը բաց խոսի այն կետերի մասին, որոնք ինքը պատկերացնում է, որ պետք է լրացումների ենթարկվեն: Ինձ համար իսկապես անհասկանալի է, թե ինչո՞ւ են խուսափում այդ հանրային քննարկումից»:
Պատգամավորի խոսքով՝ չնայած հանդիպումը կայացել է, բայց մտահոգությունները չեն փարատվել. «Այդ լրացումները չեն փարատել այն մտահոգությունները և այն ռիսկերը չեն կանխարգելում, որոնք մենք տեսնում ենք: Նույն 1991 թվականին, որ իբր ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Արցախը Խորհրդային Միությունում գործող օրենքներով անկախացել է այնպես, ինչպես Ադրբեջանը։ Այսինքն, նախորդ տասնամյակներում ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հայկական կողմը միշտ պնդել է, որ դրան զուգահեռ ճանաչում է նաև Արցախի տարածքային ամբողջականությունը:
Ցավով եմ ասում, որ իմ որևէ մտահոգություն չի փարատվել, ընդդիմությունը շարունակում է կարծել, որ իշխանությունը գնում է գուցե իրենց համար հասկանալի, բայց մեզ համար անհասկանալի, արկածախնդրության: Այս ամենը լավ ավարտ չի կարող ունենալ, եթե իշխանությունը շարունակի հայ ժողովրդից թաքցնել, թե որն է իր պատկերացումների բանաձևումը, չծավալի դիսկուրս հասարակության հետ և նոր համարի, որ ինքը լիազորված է որևէ փաստաթուղթ ստորագրելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը