23 03 2022

Ժպտացեք պարոնայք, որովհետև այլ բանի ընդունակ չեք․ Արտակ Զաքարյան

Ժպտացեք պարոնայք, որովհետև այլ բանի ընդունակ չեք․ Արտակ Զաքարյան

Աշխարհում ֆունդամենտալ և մեզ համար ծայրահեղ վտանգավոր փոփոխություններ են տեղի ունենում։Այդ նույն ժամանակ, մեր երկրի ԱԳՆ-ն, ՀՀ խորհրդարանի աշխարհահռչակ կապիտուլյանտներին պատմում է, թե ինչո՞ւ էր Անթալիայում ժպտում: Այս հարցին ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Հայկական քաղաքական դաշտը քանի օր է քննադատում է Ադրբեջանի առաջադրած 5 կետանոց վերջնագրերը, որին հաջորդեց նաև այդ երկրի ԱԳՆ սպառնալիքը՝ ըստ էության ասելով, որ Հայաստանը պատերամից հետո խելքը գլուխը չի հավաքել:

Որպես Ադրբեջանի պատասխան, հետևում է ՀՀ ԱԳՆ-ի վախվորած հայտարարությունը, որ Հայաստանի համար, ընդհանուր առմամբ ընդունելի են Ադրբեջանի 5 կետանոց պահանջագրերը:

Այսօր ԱԺ-ում, ուսապարկերից մեկի միջոցով կազմակերպված սարքովի հարցին պատասխանելիս, ՀՀ ԱԳՆ-ն երկար բարակ պատմեց, թե Անթալիայում ո՞վ էր փողկապով և ով՝ ոչ:

Մենք, դեպի մեզ դանդաղ սողացող պատերազմի շեմին ենք: Արցախն ապրում է հումանիտար ճգնաժամ ու շարունակում է գոյության կռիվ տալ, որտեղ իր ահռելի մեղքի բաժինն ունի ՀՀ կառավարության դավադիր տգիտությունը:

Աշխարհում ֆունդամենտալ և մեզ համար ծայրահեղ վտանգավոր փոփոխություններ են տեղի ունենում:

Այդ նույն ժամանակ, մեր երկրի ԱԳՆ-ն, ՀՀ խորհրդարանի աշխարհահռչակ կապիտուլյանտներին պատմում է, թե ինչո՞ւ էր Անթալիայում ժպտում:

Եվ ո՛վ հրաշք. պարզվում է, որ բայրաքթարների, բազմաթիվ սպառնալիքների, իսլամական ջիհադիստների, Հայոց Ցեղասպանության ժխտողականության, Շուշիի հռչակագրի հեղինակին՝ ոմն ՀՀ արտգործնախարարը ժպտում էր մեր զինվորների խաթր:

Այ քեզ խեղկատակ դիվանագիտություն:
Ժպտացեք պարոնայք, որովհետև այլ բանի ընդունակ չեք: Անմեղսունակությունն էլ թարսի պես անբուժելի է»,-գրել է նա:

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ