22 03 2022

Եթե հացահատիկը թանկացավ, մեղավորը ՀՀ իշխանություններին կից օլիգարխները կլինեն․ Արեգնազ Մանուկյան



Հայաստանը կանգնած է պարենային անվտանգության լրջագույն խնդիրների առաջ: Այդ խնդիրներն ունեն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվն աշխարհում տիրող իրավիճակն է՝ պայմանավորված համավարակով և ուկրաինական ճգնաժամով: Սուբյեկտիվը պայմանավորված է Հայաստանի կառավարության գործունեությամբ, ավելի ճիշտ՝ անգործությամբ: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Թանկանում են առաջին անհրաժեշտության սննդատեսակները: Կա հացահատիկի դեֆիցիտի ապահովման հարց: Սակայն գործադիր իշխանությունն, ըստ էության, ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել: Ինչպես մյուս հարցերում: Շատ է խոսվում հացահատիկի դեֆիցիտի մասին ու ասվում, թե Ռուսաստանից արտահանման արգելքի պատճառով կարող է հացամթերքը թանկանալ: Սակայն Ռուսաստանը հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրներին իրենք հացահատիկի գնում թույլ կտան նախորդ տարիների ծավալով և պայմանով, որ դեպի երրորդ երկիր հացահատիկը չարտահանվի: Սա նշանակում է, որ եթե իշխանություններն առաջնորդվեն զուտ մեր երկրի պարենային անվտանգության շահերով, ապա հացամթերքի թանկացում չի լինի: Իսկ եթե հացահատիկի թանկացում եղավ, ուրեմն մեղավորը հայաստանյան իշխանություններին կից օլիգարխները կլինեն, որոնք գերշահույթներ ստանալու նպատակով կարող են հացահատիկը դրսում վերավաճառել՝ մեր երկրի ներսում դեֆիցիտ առաջացնելով»,- նշեց պատգամավորը:

Մանուկյանի խոսքով, Կառավարությունը չի շտապում թոշակ ու աշխատավարձ բարձրացնել, չի փորձում գները կայունացնել, չի տալիս ապագայի նկատմամբ վստահություն ու հենց ինքն իր աշխատելաոճով դառնում է խուճապի պատճառ:

«Էկոնոմիկայի կատակասեր նախարարը հերթական մտքի թռիչքն է հրամցրել: Ըստ նրա՝ ապրանքների գները թանկացրել են տնտեսվարողները, որպեսզի, ուշադրությո՛ւն, զսպեն ժողովրդի խուճապը: Մինչդեռ ճիշտ հակառակն է՝ երբ գներն անվերահսկելիորեն ու արագորեն աճում են, հենց դա՛ է բերում խուճապի ու մարդկանց իռացիոնալ վարքագծի: Կառավարությունն անգործունակ է հանրային ու սոցիալական ապահովության հարցերում, բայց երբ իրենց անձնական շահն է պահանջում, շատ գործունյա են ու հաշվենկատ: Մինչդեռ հաշվի առնելով ներքին շուկայի վիճակը և ուկրաինական ճգնաժամով պայմանավորված պատժամիջոցային պատերազմի հետևանքները՝ կառավարությունը պետք է վերանայի իր հարկաբյուջետային քաղաքականությունը: Նախ անհրաժեշտ է կրճատել անիմաստ ու չհիմնավորված ծախսերը: Բացի այդ՝ պետք է անապահով խավերին աջակցելու և փոքր ու միջին բիզնեսին եթե ոչ օգնելու, ապա գոնե հարկային ռեժիմների մեղմացումներ ապահովելու քայլերի գնալ: Բայց դե ումից ինչ ենք ակնկալում: Այս իշխանությունները չունեն անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմ երկիրը ճգնաժամային պայմաններում կառավարելու համար, իսկ սեփական հաճույքներին ուղղված ծախսերի կրճատման չեն գնա՝ ագահությունից ելնելով»,- ասաց ընդդիմադիր պատգամավոր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ