Ակնհայտ է, որ գազատարի իբր վերանորոգման անվան տակ ադրբեջանական իշխանությունները փական են տեղադրել, որ երբ ցանկանան, այն ժամանակ էլ դադարեցնեն Արցախի գազամատակարարումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա դիտավորյալ արարք է, որ առաջացնում է հումանիտար լուրջ խնդիրներ ու իրավունքների զանգվածային խախտումներ, ցուրտ եղանակին առանց ջեռուցման ու տաք ջրի է թողնում Արցախի 100,000-ից ավելի խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, երեխաների ու տարեցների հաստատություններ:
Բայց սա այն է, ինչ իրականում կա, արտահայտում է ադրբեջանական իրական մտադրությունները՝ ցեղասպան քաղաքականությունը:
Ապացույցներով ու փաստերով այդքան զգուշացնում եմ, որ պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները փոքր-ինչ անգամ չեն նվազեցրել հայատյացությունն ու թշնամանքը: Դա չի էլ լինելու, քանի որ նրանց համար դա քաղաքական կյանքի աղբյուր է, արտաքին թշնամու կերպարով ներքին խնդիրներից սեփական ժողովրդին շեղելու ու իշխանությունը պահպանելու միջոց:
Պարզ չէ՞, որ խաղաղության մասին ադրբեջանական իշխանությունների հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, դրանք պարզապես շղարշ են արտաքին աշխարհի համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը