18 03 2022

Ուրացում՝ հանուն իշխանության



Արարատ Միրզոյան-Մեվլութ Չավուշօղլու հանդիպման ժամանակ հրճվանքի անհասկանալի պոռթկումները հայ հասարակությունը դեռ չի մարսել: Իրոք դժվար է հասկանալ, թե ինչի վրա են այդպես լիաթոք հրճվում պաշտոնյաները: Հատկապես, երբ այս հանդիպումից գրեթե ժամերի տարբերությամբ Արարատ Միրզոյանի մյուս գործընկերը հայտարարում է, որ դեռ կան զոհերի աճյուններ, որոնք հարազատները չեն ուզում հուղարկավորել, հոգեբանորեն պատրաստ չեն ընդունելու, որ այդ ոսկորներն իրենց զավակներն են:

Թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմից շուրջ երկու տարի անց ծնողը չի ցանկանում ընդունել իրականությունը, չի համակերպվում որդու կորստի հետ, իսկ երկրի արտգործնախարարը Թուրքիայիում ի լուր աշխարհի ասում է, որ հայ բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում Միրզոյանն ասում է, որ այդ ցանկությունն  արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում։

Եկեք հասկանանք, թե ՀՀ բնակչություն ասելով ում նկատի ունի Արարատ Միրզոյանը: Վերջին ընտրություններին, որի ժամանակ ընտրության իրավունք է ունեցել բնակչության 2.5 միլիոնը, ՔՊ-ն ստացել է շուրջ  700 հազար ձայն: Միրզոյանը նկատի ունի այդ 700 հազարի՞ն: Ի դեպ, նկատի ունենանք, որ ՔՊ նախընտրական ծրագրում մեկ տող չկա անգամ Թուրքիայի մասին: Հետևաբար, նույնիսկ այդ 700 հազարը, կամ նրանցից ոչ բոլորը ՔՊ-ին մանդատ չի տվել Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու համար:

Բոլորովին վերջերս հրապարակվեցին ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի ՀՀ-ում արված հարցումների արդյունքները: Հարցվածների 90 տոկոսը կարծիք է հայտնել, որ Հայաստանի համար քաղաքական և անվտանգային ամենամեծ սպառնալիքը հենց Թուրքիան է ներկայացնում։

Բայց այ՝ ՀՀ իշխանությունները հիմա ձայն ձայնի տված հակառակն են ասում: ՔՊ-ական պատգամավորները քիչ է մնում արցախցիներին համոզեն, որ շատ վատ է, որ այսքան տարի Ադրբեջանի կազմում չեն ապրել: Ի՞նչ ազատագրական պայքար, ի՞նչ ազատագրում, ի՞նչ կորսված կյանքեր:

Այս թիմը ոչ միայն Արցախն ու Արցախի համար թափված արյունն է ուրանում, այլ  փորձում են մեզ ու աշխարհին համոզել, որ մոռանանք, որ մեկ դար առաջ հայ ազգը ցեղասպանվել է: Փորձում են համոզել, որ պետք չէ պահանջատեր լինել։ Թուրքական լոլիկն ու առևտուրն ավելի կարևոր են: Մասնագիտությամբ պատմաբան Միրզոյանը Թուրքիայում գտնվելու ընթացքում մեկ բառ անգամ չասաց Հայոց ցեղասպանության մասին, դրա ճանաչման մասին: Մինչդեռ օրեր առաջ Հայաստանում գտնվող ադրբեջանցի պատգամավորները մեր հողում հայտարարում էին, որ Ադրբջանում հայ գերիներ չկան, երկրի ղեկավարն էլ ինչ տեսնում Հայաստանում, ասում է՝ մերն է:

Իսկ այս թիմը լուռ է, չի պատասխանում, Արցախ չի գնում, Արցախի խնդիրներից չի խոսում, ցեղասպանությունից չի խոսում: Չենք խոսում, ուրեմն խնդիր չկա տրամաբանությամբ: Այս մարդկնաց հետ ամեն ինչ պարզ, է, բայց արդյոք հայ ազգը նույնպես պատրաստվում է լռել, լռել և ուրանալ, ուրանալ պատմությունը, իր հերոսներին, և ի վերջո՝ հայրենիքը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ