ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում ասվում է․
«Հարգելի΄ զինակից ընկերներ,
Այսօր մեր զինված ուժերի կազմավորման 29-ամյակն է: Յուրաքանչյուրիս համար պատմական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաև հպարտությամբ:
2020թ. սեպտեմբերի 27-ին զինված ուժերը պատվով ընդունեցին նետված մարտահրավերը և 44 օր հերոսաբար դիմակայելով` կատարեցին իրենց առջև դրված մարտական խնդիրները` մարտնչելով բազմակի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ և պատճառելով նրան մեծաթիվ կորուստներ:
Այս անհավասար պայքարում հայկական զինուժը, ցավոք, նույնպես կրեց անդառնալի կորուստներ, բայց հակառակորդը դեռ երկար է հիշելու մեր զինվորի ու սպայի վճռականությունը, տոկունությունը, խիզախությունը, մինչև վերջ պայքարելու անկոտրում կամքն ու անմնացորդ նվիրումը: Մարտի դաշտում մեր զինակից ընկերները հրաշքներ էին գործում` իրենց անունները ոսկե տառերով գրելով հայոց պատմության էջերում: Հայոց բանակի զինվորի ու սպայի սխրանքը երբեք չի մոռացվի, մեր ժողովուրդն արժանվույնս է գնահատելու իր հերոս զավակներին:
Այսօր հաճախ քննադատության ենք արժանանում, բայց չպե΄տք է վհատվել: Հասկանում ենք, որ մեզանից սպասում էին առավելը... Մեր հայրենակիցներն անսահման հավատով էին լցված Հայոց բանակի հանդեպ և կարող եմ ամենայն պատասխանատվությամբ բարձրաձայնել` մենք մինչև վերջ հավատարիմ մնացինք տրված երդմանն ու կատարեցինք պետության, ժողովրդի առջև մեր սրբազան պարտքը:
Շնորհակա΄լ եմ Ձեզ ազգի պատիվը բարձր պահելու և անօրինակ սխրանքների համար:
Բանակն ընկճվելու իրավունք չունի΄. զինվորը, սպան, գեներալը գլուխը կարող է խոնարհել միայն մեր զոհված ընկերների սուրբ հիշատակի և նրանց հարազատների առջև, և այժմ` առավել քան երբևէ, բանակը վստահության և համակողմանի աջակցության կարիք ունի:
Որքան էլ դժվար է ու բարդ, մենք շարունակում ենք կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ գործը` կազմակերպելով մարտական հերթապահություն նոր բնագծերում, ձեռնարկելով գործուն միջոցներ բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ:
Վստա΄հ եմ, որ 2021 թվականը բանակի համար մարտական կարողությունների ավելացման նոր էջ է բացելու:
Իսկ հուսահատվածներին, մեր հանդեպ վստահությունը կորցրածներին, տարբեր ուժերի կողմից մեզ քննադատողներին, երբեմն նաև բացահայտ վիրավորողներին հավաստիացնում եմ` հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնամուն իր բազկի ուժը:
Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայկական օջախներն ավերելու նենգ մտադրությունից:
Բանա΄կն է այն ուժը, որ կարող է ու պարտավոր է ամուր կանգնել ու կասեցնել թշնամու ոտնձգությունները. ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու:
Այս սուրբ օրը շնորհավորե΄նք միմյանց Բանակի օրվա կապակցությամբ և խոստանա΄նք մեր զոհված ընկերներին, որ շարունակելու ենք նրանց անավարտ գործը, ջանք չենք խնայելու և ամենօրյա քրտնաջան աշխատանքով հզորացնելու ենք բանակն ու անզիջում պայքար ենք մղելու մեր ազգային և պետական շահերը պաշտպանելու համար:
Համոզված եմ, որ Հայոց բանակը փառավոր հաղթանակներ դեռ շատ է ունենալու` հավատարիմ մնալով հայ զինվորական լավագույն ավանդույթներին:
Շնորհավո΄ր տոնդ, Հայոց բանակ:
Հավերժ փա˜ռք հայրենիքի համար նահատակված մեր ընկերներին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը