Այսօր էլ ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր հրոսակախմբեր, դիվերսիոն խմբեր, վարձկաններ, ահաբեկիչներ մի քանի ուղղությամբ, այդ թվում հյուսիսարևելյան անտառոտ հատվածում հարձակման փորձ են իրականացրել։ Այս մասին հայտնեց Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ընթացքում։
ՀՀ սահմանների հատվածներում, առնվազն Գեղարքունիքի հատվածում երեք անգամ թշնամական ԱԹՍ է խոցվել հայկական ՀՕՊ-ի կողմից շատ կարճ ժամանակահատվածում, այլ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել այլ հատվածներում:
Մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ` Որոտան գետի երկայնքով, կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ։ Մի քանի զրահատեխնիկայով փորձել են հարձակում իրականացնել, կորցրել են 2-3 միավոր զրահատեխնիկա և հետ են շպրտվել։
«Պաշտոնական հաղորդագրություն տարածեցինք զուտ քաղաքացիների անվտանգությունից ելնելով` քաղաքացիների համար ժամանակավոր փակ կլինի Բերձորի ուղղությունը: Այսօր մենք, իհարկե, չեզոքացրել ենք այդ խմբին, բայց կարող է որոշակի վտանգ լինել, ուղղակի չենք ուզում ռիսկի ենթարկել: Արցախը Հայաստանի հետ կապող երկու-երեք այլ ճանապարհ կա, կարող եք օգտվել այդ ճանապարհներից»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ հայկական կողմի վիճակն այսօր շատ ավելի լավ է, քան 15 օր առաջ:
«Ես չեմ ասում, որ ամենածանր օրերն անցել են, միգուցե, այդպիսի օրեր էլի կլինեն: Բայց հիմա, փառք Աստծո, մեր ներուժը, ինքնակազմակրպվածությունն ու կառավարումը շատ ավելի լավ վիճակում են: Մենք չենք տեսնում խուճապ, անկազմակերպվածություն, մարդկանց զոռով պահել», - ասաց Պն ներկայացուցիչը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը