01 11 2020

Ադրբեջանի ցամաքային պոտենցիալը ոչնչացված է․ Արծրուն Հովհաննիսյան



Այսօր առավոտից թշնամու զորքերը և ահաբեկչական խմբավորումները, վարձկանները, հրոսակախմբերը տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները հիմնականում փոքր խմբերով, օջախային հարձակումներով՝ տեղ-տեղ կիրառելով հրետանի, որոշ տեղերում նաև օդային հարձակողական միջոցներ, մարտավարական օդուժ։ Այս մասին հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ էության, ողջ օրվա ընթացքում բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել՝ չնայած տեղի ունեցած մարտական գործողություններին։ Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են։

«Դեռ բազում անակնկալներ կան, ինչքան էլ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն հերքել վարձկան ահաբեկիչների առկայությունը և կիրառությունը մարտական գործողությունների համար։ Մենք շատ լավ գիտենք և տիրապետում ենք ամբողջական տեղեկությունների՝ որտեղ, որ տեղամասում, ինչպես են նրանց առաջադրանքներ տալիս, ինչ խնդիր են փորձում նրանցով լուծել։ Պետք է ասել, որ նրանցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաև այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է և հիմնական հույսը մնացել են այս վարձկանները»։

Արծրուն Հովհաննիսյանը՝ հարցին, թե արդյոք այս գիշեր ևս հակառակորդը կիրառել է ֆոսֆոր, պատասխանեց․ «Հակառակորդը նույն սպառազինությունը և նույն զինամթերքը շարունակում է կիրառել տարբեր ուղղություններով»։

«Մենք շատ լավ հասկանում ենք Թուրքիայի ներգրավվածության, Թուրքիայի մասնակցության մասին՝ թուրքական բանակի բարձրաստիճան ղեկավարության և քաղաքական ղեկավարության այցելությունները Բաքու և հակառակը ինչ նշանակություն ունեն։ Մի քանի անգամ ասել եմ, որ փաստացի Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը հանձնված է թուրքական բանակին, Թուրքիայի Գլխավոր շտաբին, և այս պահին ինչ-որ առումով Ադրբեջանի Զինված ուժեր այլևս գոյություն չունեն»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

«Տեխնիկական առավելության ուղղությամբ ևս երկար չի տևելու, այս ուղղությամբ ևս Ադրբեջանի՝ արդեն գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանը անակնկալներ են սպասվում առաջիկայում։ Մենք պատրաստ ենք ու գիտենք, որ փորձելու են այլ ուղղությամբ գործողություններ իրականացնել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ