23 10 2020

Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղեր դիվերսիոն խմբեր են ներթափանցել. Շեխերը լիովին մաքրվել է. ՊՆ



Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով: Բացի ռազմաճակատում տիրող մարտական գործողություններից՝ նաև օրվա ընթացքում հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրեր, այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը՝ հարակից բնակավայրերով, և Բերձոր քաղաքը՝ հարակից բնակավայրերով: Երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջան։ Այս մասին ասուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Օրվա ընթացքում հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական խմբերի չեզոքացման աշխատանքները: Այս ուղղությամբ կոնկրետ կան հստակ հաջողություններ, մասնավորապես` գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրն իր հարակից անտառներով, որոշ տեղերում, որոշ բնակավայրերի հարակից անտառներում դեռ չեզոքացման աշխատանքները շարունակվում են:  

Հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, հարձակման մի քանի փորձեր տապալվել են, որից հետո, զգալի կորուստներ կրելով, հետ են շպրտվել: Որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են, կորցնելով զրահատեխնիկան՝ դիմել են փախուստի և փորձել են պատսպարվել մոտակա ձորակներում և անտառներում: Բերձորից հարավ՝ կոնկրետ ուղղությունը դեպի Հակարի գետով հյուսիս, հետ է մղվել դեպի է´լ ավելի հարավ մեր զինված ուժերի հարձակումների ազդեցության տակ:

Ընդհանուր առմամբ, լարվածությունը պահպանվում է: Հիմնական մարտերն ընթանում են օջախային, հստակ բնագծեր չկան այս ուղղությամբ: Տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք մեր զինված ուժերը չեզոքացնում են»,- նշեց նա։

ՊՆ ներկայացուցիչը նաև ասաց, որ կրակի խտությունը թուլացել է մեծ հաշվով, նույնը չէ հաստատ: «Ի վերջո, կողմերը կրում են կորուստներ, կողմերի զինված ուժերը համապատասխան ներուժ են կորցնում, և չեն կարող առաջին օրվա ամենամեծ թափի հետ համեմատվել հետագա օրերը: Բայց առանձին դրվագներով եթե վերցնենք, առանձին տեղերում, երբ փորձում են կատաղի հարձակում իրականացնել կամ գրոհել կոնկրետ բնակավայրեր, բնագծեր, երբեմն կարճաժամկետ այդ խտությունը նորից միանգամից բարձրանում է»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ